Ռուսական հակավիրուսային ծրագրերի մշակողը՝ «Կասպերսկու լաբորատորիան», արձագանքել է  իր արտադրանքի դեմ ԱՄՆ արգելքին հայտարարությամբ, որում խոստացել է պայքարել արգելքի դեմ «հասանելի իրավաբանական միջոցներով»։

«Ընկերությունը ծրագրում է օգտագործել հասանելի իրավաբանական միջոցները, որպեսզի պահպանի ընթացիկ գործունեությունը եւ հարաբերությունները գործընկերների եւ հաճախորդների հետ»,- մեջբերել են ռուսական գործակալությունները «Կասպերսկու լաբորատորիայի» հայտարարությունը։

ԱՄՆ առեւտրի նախարարությունը հինգշաբթի հայտարարել էր, որ սեպտեմբերի 29-ից լիովին կարգելի երկրում «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքը, քանի որ դրա միջոցով, ինչպես մտահոգվում են ամերիկյան իշխանությունները, ռուսական հատուկ ծառայությունները կարող են տեղեկություն հավաքել ամերիկացիների մասին։

Մինչ այդ, հուլիսի 20-ին, ԱՄՆ քաղաքացիներին կարգելեն գործարքներ կնքել ընկերության հետ։

«Ռուսաստանը ցույց է տվել, որ հնարավորություն եւ... մտադրություն ունի  օգտագործել այնպիսի ընկերություններ, ինչպիսին «Կասպերսկին» է, որպեսզի անձնական տեղեկություն հավաքի ամերիկացիների մասին եւ այն վերածի զենքի, ուստի մենք ստիպված էինք ձեռնարկել այն գործողությունները, որոնք այսօր ձեռնարկել ենք»,- ասել է առեւտրի նախարար Ջինա Ռայմոնդոն։