Աղիքային ցուպիկի առկայության բարձր մակարդակ է հայտնաբերվել Թեմզա գետում՝ ամեն տարի միջազգային թիմեր ընդգրկող հանրահայտ Հենլի թագավորական ռեգատայից առաջ, ասված է River Action-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

«River Action-ի քաղաքացիական գիտնականների իրականացրած ջրի որակի փորձարկումը հայտնաբերել է աղիքային ցուպիկի տագնապալի բարձր մակարդակ՝ Թեմզա գետից կեղտաջրերի աղտոտվածության պատճառով, որտեղ հաջորդ շաբաթ տեղի է ունենալու Հենլի թագավորական ռեգատան», - հայտնել են կազմակերպությունից:

Հենլի թագավորական ռեգատան ավանդաբար անցկացվում է 1839 թվականից անգլիական Հենլի Օն-Թեմզ քաղաքում։ Ընդհանուր առմամբ, մրցույթի շրջանակում մոտ 400 մրցավազք է տեղի ունենում։

Մայիսի 23-ից հունիսի 25-ը անցկացված հետազոտությունների արդյունքների հիման վրա գետի 100 միլիլիտր ջրում հայտնաբերվել է միջինում 1213 գաղութ ձևավորող բակտերիա, ինչը 900 միավորով գերազանցում է առավելագույն թույլատրելի արժեքը, հայտնել են կազմակերպությունից։ Ընդ որում, առավելագույն ցուցանիշը կազմել է 25 հազար միավոր, ինչը 27 անգամ գերազանցում է այն մակարդակը, որի դեպքում բրիտանական իշխանությունները ջրի որակը գնահատում են որպես «վատ» և խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ լողալուց, նշում է River Action-ը։

Այս առնչությամբ ռեգատայի կազմակերպիչները մասնակիցներին նոր ուղեցույցներ են ներկայացրել, ըստ որոնց մարզիկներին խորհուրդ է տրվում ծածկել մարմնի վրայի բոլոր կտրվածքներն ու քերծվածքները, ջանալ ջուր կուլ չտալ և հանգամանորեն լվանալ ամբողջ հանդերձանքը:

River Action-ի համոզմամբ՝ ջրի վատ որակի համար մեղավոր է բրիտանական խոշորագույն ջրմուղային Thames Water ընկերությունը, որը կեղտաջրեր է թափում գետ: