Նույնիսկ դատախազներն ու դատավորն են համոզված, որ վկաների հարցաքննության փուլում գործը կշրջվի։ Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը:
«Ակնհայտ է, որ դատարանում քանդվում են բոլոր վարկածները, որոնք դատախազները որպես մեղադրանք ներկայացրել են, և դատարանում ակնհայտ էր դառնում, որ սա կարած գործ է ու ուղնուծուծը քաղաքական է։
Նախորդ նիստում առաջին անգամ հարցաքննվեց նաև վկան, և այդ տեսակետն էլ ավելի ամրապնդվեց։ Դրանք ցույց տվեցին, որ որևէ մեղադրանքի հիմք բացարձակապես գոյություն չունի։ Այսօրվա իշխանություններն ամեն ինչ անում են, որ իրենց քաղաքական հակառակորդները խոսեն ոչ թե քաղաքական հարթակներում, լրատվական դաշտում, այլ խոսեն դատարաններում։ Աշխարհում բոլոր այսպիսի բռնապետների վերջը դաժան է լինում, և այս բռնապետը ևս չի խուսափելու այդ պատժից»,-ասաց Մինասյանը։
Նա նշեց, որ այսօր քաղաքական օրակագում Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժումն է, որը վերակազմակերպման փուլում է. «Այն ռեսուրսը, որ ունի շարժումը, անհրաժեշտ է, որ ձեռք բերի կազմակերպված էություն: Եթե դուք չունեք կազմակերպված համակարգ, ապա շատ դժվար է հաղթահարել այն նենգ, հակահայկական համակարգը, որը այս իշխանությունների կողմից ձեւավորվել է: Ես համոզված եմ, որ Սրբազանը գիտակցում է այդ խնդիրը եւ կփորձի եւ կհաջողի շարժման այն մասը, որը կառուցվածքի մեջ չի գտնվում, այդ մարդկանց շարժման մեր ներառել: Այդ դեպքում շարժումը շատ ավելի լուրջ խնդիրներ կլուծի, քան այսօր ի վիճակի է լուծելու»,-ասաց ՀՀԿ անդամը:





























