Եվրոպայում կլիմայական ճգնաժամի հետևանքով առաջացած շոգ ամառն իրականություն է դարձել, որը խնդիր է դարձել բազմաթիվ զբոսաշրջիկների համար, հայտնում է CNN-ը։

2023 թվականին Միջերկրական ծովի ավելի շոգ երկրներ այցելելու նկատմամբ հետաքրքրությունը նվազել է ռեկորդային շոգի և անտառային հրդեհների պատճառով, ուստի ավելի նախընտրելի են դարձել բարեխառն կլիմայով ուղղությունները, ասում են փորձագետները:

2023 թվականի եվրոպական շոգից հետո, որի հետևանքով հազարավոր մարդիկ փախան հունական Ռոդոս կղզում անտառային հրդեհներից, եվրոպական ճանապարհորդների թիվը, որոնք մտահոգված են կլիմայի փոփոխությամբ, ավելացել է 7%-ով, տեղեկացնում է Եվրոպական զբոսաշրջության հանձնաժողովը (ETC)։

Սա հետևանք է 2022-2023 թթ․ ամռան ընթացքում հարավային միջերկրածովյան հանգստի վայրերի նկատմամբ հետաքրքրության անկման, երբ գրավիչ դարձան ավելի զով ուղղությունները, ինչպիսիք են Չեխիան, Բուլղարիան և Դանիան, CNN-ին է հայտնել  ETC-ն:

Ծայրահեղ շոգը կլիմայի փոփոխության հետևանքներից մեկն է, որն ազդում է ամբողջ Եվրոպայի տուրիստական ​​ուղղությունների վրա: Բայց կան նաև այլ պատճառներ։ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) տվյալներով, կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած ջերմաստիճանի բարձրացումը պատճառ է դառնում, որ հիվանդություններ կրող մոծակների պոպուլյացիաները տեղափոխվեն Եվրոպայի նոր տարածքներ:

Ըստ ECDC-ի տվյալների, մոծակների կարևոր տեսակներից մեկը, որն ունակ է տարածել դենգե, չիկունգունյա և Զիկա վիրուսները, ներկայումս հայտնաբերվել է եվրոպական շատ երկրներում, այդ թվում՝ Հունաստանում, Իտալիայում, Պորտուգալիայում և Իսպանիայում: ECDC-ի տնօրեն Անդրեա Ամմոնը մտահոգություն է հայտնել, որ ճանապարհորդությունները կարող են նպաստել այդ տեսակի տարածման ընդլայնմանը։

Անցյալ տարի ECDC-ն Եվրոպայում գրանցել է դենգեով հիվանդացության 130 դեպք՝ 2022 թվականի 71-ի դիմաց: ECDC-ն CNN-ին տեղեկացրել է, որ այս ամառ Եվրոպայում դենգեի դեպք չի գրանցվել, սակայն նախորդ ամռան միտումները հաշվի առնելով, ակնկալում են, որ առաջին դեպքերն ի հայտ կգան առաջիկա շաբաթների ընթացքում: Ըստ ECDC-ի, մարտին Իսպանիայի Սևիլիա նահանգում գրանցվել է Արևմտյան Նեղոսի վիրուսով հիվանդացած մեկ մարդու դեպք, որը տարածվել է Culex pipiens մոծակի միջոցով:

Անցյալ տարի կազմակերպությունը գրանցել է Արևմտյան Նեղոսի վիրուսով հիվանդացության 713 դեպք ԵՄ ինը երկրում, ինչի հետևանքով 67 մարդ մահացել է։