Կարիբյան ավազանի հարավարևելյան մեծ մասում կիրակի տագնապ է տիրում, քանի որ «Բերիլ» արևադարձային փոթորիկը ուժգնացել և դարձել է 2024 թվականի ատլանտյան սեզոնի առաջին փոթորիկը, օդերևութաբանները նախազգուշացնում են, որ այն արագորեն վերածվելու է սաստիկ փոթորկի:

ԱՄՆ Փոթորիկների դեմ պայքարի ազգային կենտրոնը (NHC) հայտնել է, որ «Բերիլը», որը ներկայումս մոլեգնում է Ատլանտյան օվկիանոսում՝ Բարբադոսից մոտ 850 կիլոմետր դեպի արևելք, ակնկալվում է, որ իր հետ կբերի «կյանքի համար վտանգավոր քամիներ և փոթորկային ալիքներ», երբ երկուշաբթի վաղ առավոտյան հասնի Հողմաշունչ կղզիներին: Նախազգուշացնելով, որ փոթորիկը «սաստկանում է», NHC-ը կանխատեսում է, որ  Կարիբյան ավազանի համայնքներին պատուհասելիս այն կվերածվի «վտանգավոր խոշոր փոթորկի»:

Փոթորկի մասին նախազգուշացումներ են տրվել Բարբադոսում, Սենթ Լյուսիայում, Սենթ Վինսենթում, Գրենադիններում և Գրենադայում, ընդ որում արևադարձային փոթորկի նախազգուշացումներ են գործում նաև Մարտինիկում, Տոբագոյում և Դոմինիկայում, ասվում է NHC-ի  վերջին հաղորդման մեջ:

Սաֆֆիր-Սիմփսոնի սանդղակով այս սաստիկ  փոթորիկը համարվում է 3-րդ կամ ավելի բարձր դասի՝ առնվազն 179 կմ/ժ քամու արագությամբ։

Փորձագետներն ասում են, որ հունիսի սկզբից մինչև նոյեմբերի վերջը տևող Ատլանտյան օվկիանոսի փոթորիկների սեզոնի սկզբում նման հզոր փոթորիկը  չափազանց հազվադեպ երևույթ է: