ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, չնայած իր քաղաքական թուլությանը, համարվում է ամենահավանական թեկնածուն ընտրարշավում գործող նախագահին փոխարինելու համար, եթե նա դուրս գա ընտրապայքարից։ Այսպիսի կարծիք է հայտնել The Wall Street Journal (WSJ) թերթը։

Թերթի գնահատմամբ՝ թեեւ Հարիսի վարկանիիշը նույնքան ցածր է, որքան եւ գործող նախագահինը, նրա ռեյթինգը բարձր է մնում սեւամորթ ընտրողների եւ կանանց շրջանում։ Հարիսը նաեւ էական առավելություն ունի դեմոկրատների մյուս պոտենցիալ թեկնածուների հանդեպ. որպես փոխնախագահ առաջադրվելով Բայդենի հետ միասին՝ նա կարող է օգտագործել իր հավաքած միջոցները սեփական ընտրարշավը ֆինանսավորելու համար, եթե Սպիտակ տան ղեկավարը որոշի չհավակնել վերընտրության։

Ինչպես գրել է պարբերականը, վերջին ժամանակներս Հարիսը նաեւ սկսել է ամրացնել իր դիրքերը Բայդենի վարչակազմում, այդ թվում ազգային անվտանգության հարցերում։ Նա Սպիտակ տան պաշտոնյաներին կոչ է արել ավելի մեծ ուշադրություն հատկացնել Գազայի հատվածի հումանիտար խնդիրներին եւ կենտրոնանալ անկլավում հետհակամարտային կարգավորման պլանի մշակման վրա։

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 5-ին։ Թրամփն արդեն հավաքել է պատվիրակների ձայների անհրաժեշտ քանակությունը հանրապետականների կողմից պետության ղեկավարի թեկնածու առաջադրվելու համար։ Բայդենը, որն առաջադրվելու է երկրորդ ժամկետի համար, ունի Դեմոկրատական կուսակցության բավականաչափ թվով պատվիրակների աջակցությունը։