«Հայ ազգային կոնգրեսը հիմա աշխատում է համապարփակ մի ծրագրի վրա, որը շատ շուտով կներկայացվի հանրության ուշադրությանը եւ կներառի հակաճգնաժամային միջոցառումների մի ամբողջական ցանկ: Մենք բազմիցս այդ առաջարկներն արել ենք եւ ներկայացրել ենք հանրությանը, որովհետեւ վստահ ենք, որ իշխանությունները ի վիճակի չեն իրագործել այդ առաջարկները»,- այսօր նման տեսակետով հանդես եկավ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ու հավելեց, որ Հայաստանում վերջին 10 տարում արատավոր տնտեսական համակարգ է ձեւավորվել, իսկ միջազգային ճգնաժամն ուղղակի բացահայտեց այդ արատավոր համակարգի ողջ էությունը:
«Այս իշխանությունները, անգամ եթե գիտակցեն գործող արատավոր համակարգի ամբողջ խորությունը, ի վիճակի չեն լուծել որեւէ խնդիր, որովհետեւ նրանք այսօր սպասարկում են օլիգարխիայի շահերը եւ չեն կարող որեւէ քայլ անել, որը կխփի կամ կկազմալուծի ստեղծված մենաշնորհային ու օլիգարխիկ համակարգը»,- ասաց Լ. Զուրաբյանն ու ընդգծեց. «Այս աղետի դեմն առնելու միակ հնարավորությունը այն է, որ Հայաստանում իշխանության գա դեմոկրատական զանգվածային շարժում, որը չի լինի պատանդ օլիգարխների ձեռքում, ինչպես այսօր է: Այդ նոր իշխանությունը, ազատ լինելով որեւէ օլիգարխների առաջ որեւէ պարտավորությունից, կկարողանա կազմալուծել արատավոր համակարգը եւ կառուցել մրցակցության ու ազատ, մասնավոր նախաձեռնության վրա հիմնված տնտեսություն»:
Նա անդրադարձավ նաեւ կոմունալ ծառայությունների, գազի, էլեկտրաէներգիայի ու ջրի սպասվող թանկացումներին, նշելով. «Կոմունալ ծառայությունների սակագների բարձրացումը հանգեցնելու է նրան, որ կառավարությունը կա՛մ պետք է կոշտ մեթոդներով իրավիճակը կարգավորի, այսինքն անջատի այդ ծառայությունները մարդկանց համար, կա՛մ շարունակի անվճար մատուցել այդ ծառայությունները»: ՀԱԿ համակարգողը նկատեց, որ մարդիկ ուղղակի ի վիճակի չեն լինելու վճարել թանկացած ծառայությունների դիմաց: Հիշեցնենք, որ օրերս հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել էր, որ 2010 թվականի ապրիլի 1-ից թանկանալու են թե գազի, թե էլեկտրաէնեգրայի սակագները: Նա, սակայն չէր հստակեցրել, թե որքան կկազմի այդ թանկացումը:




























