Սևանում ջրային պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացնում. լողափնյա սեզոնը մեկնարկել է: Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՆԳՆ Ոստիկանության փոխգնդապետ Հայկ Վարդանյանը:
Նրա խոսքով, ջրային պարեկային ծառայության գործառույթների մեջ են մտնում լողափնյա հատվածներում հասարակական կարգի ու անվտանգության ապահովումը, անձանց իրավունքների ու ազատությունների պահպանումը, լողամիջոցների երթևեկության նկատմամբ հսկողության իրականացումը:
«Ջրային պարեկային ծառայության կողմից իրականացվող վարչարարության կարգավորումները նախատեսվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 125.1 հոդվածով: Հոդվածի առաջին մասով արգելվում է լողամիջոցը վարել ոչ սթափ վիճակում: Այս դեպքում նախատեսվում է պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով: Պատասխանատվություն է նախատեսվում չհաշվառված կամ չգրանցված լողամիջոց վարելու կամ լողամիջոցն առանց կողային համարանիշի վարելու, ինչպես նաև լողամիջոցը նավարարի վարելու իրավունքի վկայական չունեցող անձի կողմից շահագործելու դեպքում»,-ասաց Ոստիկանության փոխգնդապետը՝ նշելով, որ այդ դեպքեում նախատեսվում է պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի տասնապատիկի կամ քսանապատիկի չափով:
Հայկ Վարդանյանի խոսքով, պատասխանատվություն է նախատեսվում նաև լողամիջոցը առանց փրկարարական միջոցների վարելու, լողամիջոցը հրդեհային անվտանգության կանոնների խախտումներով վարելու դեպքում: Բացի այդ, արգելվում է նաև հանրային լողափնյա վայրերում լողամիջոց վարելը: Այդ դեպքում նախատեսվում է պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Ոստիկանության փոխգնդապետի խոսքով, լողամիջոցները ենթակա են հաշվառման ՏԿԵ նախարարության կողմից:
«Կան լողամիջոցներ, որոնք հաշվառման ենթակա չեն. դրանք փչովի և հեծանվային նավակներն են, ինչպես նաև ջրացիկլները: Այս լողամիջոցների համար նաև չի պահանջվում նավավարի վարելու իրավունքի վկայական, սակայն մյուս կանոնները տարածվում են նաև նշված լողամիջոցների վրա»,-ասաց նա:
Հայկ Վարդանյանի խոսքով, ջրային պարեկային ծառայությունը ծառայություն է իրականացնելու հանրային և մասնավոր լողափներում՝ ինչպես շրջիկ ծառայության, այնպես էլ ծառայություն՝ ջրացիկլների և այլ լողամիջոցների միջոցով:





























