Բետոնը շինարարության մեջ ամենատարածված նյութերից մեկն է: Ինժեներները փորձում են նոր ուղիներ գտնել դրա ամրությունն ուժեղացնելու համար, որպեսզի շենքերն ու կառւցներն ավելի երկար տարիներ պահպանվեն: Ամերիկացի և շվեյցարիացի գիտնականներն ածխաթթվային գազ միջոցով բետոնի ամրացման տարբերակ են առաջարկել, գրում է Naked Science-ը։
Բետոնը կազմված է ջրից, մանր լրացումներից (օրինակ՝ ավազից), խոշոր մասնիկներից (օրինակ՝ մանրախճից) և բոլոր բաղադրիչները կապող ցեմենտից։
Ինքը՝ ցեմենտը փոխազդեցության մեջ է մտնում ածխաթթու գազի հետ։ Հետևաբար, բետոնե կառույցներն ակտիվորեն CO2 են կլանում: Արդյունքում խառնուրդում կարբոնատ կալցիումի կարծր բյուրեղներ են առաջանում։
Ներկայում շինանյութերի որակը բարելավելու մի քանի եղանակ կա՝ կարծրացած բետոնի կարբոնացում կամ թարմ բետոնի կարբոնացում։ Առաջին դեպքում բետոնե բլոկները տեղադրվում են հատուկ խցիկում, որտեղ դրանց վրա բարձր ճնշման տակ ածխաթթու գազի հոսքերն են ուղղվում։ Երկրորդ կարծրացման տարբերակում շինարարները բետոն արտադրելիս խառնուրդի մեջ գազանման CO2 են ներարկում։ Սակայն այս եղանակները խիստ էներգածախսատար են, իսկ գազն այնքան էլ արդյունավետորեն չի որսվում:
Բետոնի ամրացման նոր եղանակ են առաջարկել ամերիկացի և շվեյցարիացի ինժեներները: Նրանք որոշել են արդիականացնել թարմ բետոնի կարբոնացումը։ Այս մոտեցման դեպքում ածխածնի IV օքսիդը ներմուծվում է ոչ թե բուն խառնուրդի, այլ փոքր քանակությամբ ցեմենտի փոշու հետ խառնված ջրի մեջ: Նման կերպ պատրաստվում է «գազավորված ջուր», որից բետոնը CO2 է կլանում դեռ խառնման փուլում։
«Մեր ստեղծած ցեմենտի կախույթը շատ ավելի ցածր մածուցիկությամբ հեղուկ է, քան սովորական բետոնի խառնուրդը: Սա հնարավորություն է ընձեռում ավելի արագ խառնել այն և արագացնել կալցիումի կարբոնատի ձևավորումը», - պատմում է ԱՄՆ Հյուսիսարևմտյան համալսարանի Ալեսանդրո Ռոտտա Լորիան:
Նոր եղանակը կօգնի ոչ միայն ուժեղացնել բետոնի ամրությունը, այլև նվազեցնել մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումները: Հետազոտողների տվյալներով՝ ցեմենտի և բետոնի արդյունաբերությունը պատասխանատու է ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումների 8%-ի համար:
«Ավելի հետաքրքիրն այն է, որ ցեմենտի վրա հիմնված նյութերի կարբոնացումը արագացնելու և ուժեղացնելու այս մոտեցումը հնարավորություն է տալիս ստեղծել նոր գերաթուրծ ցեմենտահանքի վրա հիմնված արտադրանք, որոնցում CO2-ն հիմնական բաղադրիչն է դառնում», - նշում է Ցեմենտ արտադրող CEMEX ընկերության փոխնախագահ, գլոբալ հետազոտության և մշակման համահեղինակ Դավիդե Զամպինիին:




























