Ես չեմ սիրում գնահատականներ տալ ընթացիկ քրեական գործերին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով իր մտերիմ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի եւ մյուսների նկատմամբ հարուցված գործին:

«Վստահաբար, այդտեղ ժամանակը ցույց կտա՝ ճիշտ է, թե սխալ: Կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից առաջին պատասխանատվությունը կառույցի ղեկավարին է: Մեզ մոտ կադրային փոփոխություններ տեղի են ունեցել որոշ դեպքերում հենց այդ նկատառումներ, որ մեկ վարչությունում շատ մարդիկ պոտենցիալ կոռուպցիոն սխեմայի մեջ են, եւ այդ մարդկանց փոխարինման գործողությունը տեղի է ունեցել: Կանխարգելման պատասխանատվությունը ղեկավարին է, իրավական պատասխանատվությունը արդեն փաստով արձանագրված դեպքերի մասին պետք է լինի:

Ես հուսով եմ, որ իրավապահ համակարգը նույնպես այդ պատասխանատվության չափը գիտակցում է: Այսինքն, երբ ամեն անգամ X, Y, Z մարդուն մեղադրանք է առաջադրվում, հետո որոշակի հարցեր, խնդիրներ են առաջանում, դա էլ է խնդիր: Սա էլ է պրոցես, էս պրոցեսն էլ կանցնենք, եւ ես շատ հուսով եմ, որ իրավապահ համակարգը ինչ-որ մի փուլում կդառնա այն ինստիտուտը, որ այդ վերջին օղակը ամբողջապես կփակի կոռուպցիայի տեսանկյունից:

Ես ուզում եմ վստահեցնել, որ որեւէ նման հարց քաղաքական ենթատեքստ չունի եւ չի կարող ունենալ»,-ասաց նա:

Հարցին՝ այսինքն թիրախը դո՞ւք չեք, Ավինյանն արձագանքեց. «Ոչ մի դեպքում: Քաղաքական թիրախ այս գործերով չկա ու չի կարող լինել»: