«Աջափնյակի» մետրոյի նախագիծը ոչ թե ընթացքի մեջ է, այլ ավարտված է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Նախագիծը պատրաստ է, այս պահի դրությամբ անցնում է պարզ փորձաքննության փուլը, հետո պետք է անցնի համալիր փորձաքննություն: Դա որոշակի ժամանակ է տեւում: Մենք արդեն մեկ քննարկում ունեցել ենք ներդրումային կոմիտեում, վարչապետի մասնակցությամբ: Ակնկալվում է եւս մեկ քննարկում ունենալ ֆինանսական միջոցների հատկացման վերաբերյալ: Քաղաքապետարանն անընդհատ հետեւողականորեն առաջ է տանում այդ ծրագիրը»,-ասաց նա:
Հարցին՝ շինարարությունը երբ կսկսվի, Ավինյանը պատասխանեց, որ շատ բան կախված է փորձաքննությունների փուլից. «որոշակի դժվարություններ են առաջացել, բայց դրանք բոլորը հաղթահարելի են: Կարեւոր հարցերից մեկը ֆինանսավորումն է, դա որոշվելուց հետո, նաեւ փորձաքննությունների փուլից հետո կհայտարարվի շինարարության մասին»,-ասաց նա:
Նշենք, որ այս ամսվա սկզբին Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշվել է, որ Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը երկարատեւ գործընթաց է լինելու, նախնական գնահատումով կարող է տեւել մինչեւ 2032 թվականը:
Իսկ ավելի վաղ Ավինյանը հայտարարել էր, թե ուզում են այս տարի սկսել շինարարությունը:
Եվ «հեքիաթն» ահա ավարտվեց. Երեւանի մետրոյի «Աջափնյակ կայարանի շինարարությունը կտեւի մինչեւ 2032թ.




























