«Ժառանգություն» կուսակցության վարչությունը պատասխանել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանի` իրեն ուղղված նամակը չի գրվել սրտի ցավով, այն նպատակ ունի վարկաբեկել սկսված ընտրական գործընթացները:

«Ժառանգության» պատասխանում ասվում է.

«Մեր տարակուսանքն ենք հայտնում Րաֆֆի Հովհաննիսյանի նոյեմբերի 21-ի պաշտոնական նամակին ի պատասխան ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 26-ի արձագանքի առնչությամբ եւ գնահատում այն իբրեւ ոչ պետականավայել, հատվածական հարձակում Րաֆֆի Հովհաննիսյան անհատի ու ՀՀ առաջին արտգործնախարարի, «Ժառանգության» եւ, ընդհանրապես, ողջ ընդդիմության, Հայաստանի հասարակության ու քաղաքացու վրա:

Եթե նոյեմբերի 25-ի հայտարարության մեջ ՀՀԿ-ը նշել էր, որ  «անհրաժեշտ է զերծ մնալ իշխանության ստանձնած քաղաքական պարտավորությունները բացարձակացնելու փորձերից, քանզի դրանք ունեն ողջամիտ սահմաններ», ապա նոյեմբերի 26-ի իր արձագանքով ՀՀԿ ղեկավար եւ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը բացահայտեց այդ «սահմանը»: Այն է` ազատ, արդար ու մրցակցային ընտրություններ անցկացնելու կամ դրանք իրականություն դարձնելու ցանկացած պահանջ կամ առաջարկ հատում է «թույլատրելի սահմանագիծը» եւ գնահատվում որպես սեւացնող, թունավորող, վարկաբեկող ու չարամիտ նպատակներ հետապնդող:

Գնահատական հնչեցնելիս ՀՀ գործող նախագահը առնվազն պետք է գիտակցեր, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը 15 կետերի ներքո շարադրված որոշակի առաջարկների ամբողջություն է եւ ոչ թե հայտարարություն, եւ որ դրանց նպատակն ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու` ՀՀ իշխանությունների հռչակած հանձնառությունն ըստ էության կյանքի կոչելն է, ինչը Սերժ Սարգսյանը կամ չի ընկալել, կամ խեղաթյուրում է:

Նման պահվածքն ու անհամարժեք գնահատականները հարիր չեն երկրի ղեկավարին։ Դա վկայում է, որ ՀՀ իշխանությունները չեն մերժում եւ չեն պատրաստվում հրաժարվել վարչական լծակներն օգտագործելու, հանրային ու պետական ռեսուրսների նկատմամբ կուսակցական մենաշնորհները վերահաստատելու, անհավասար մրցակցային պայմաններ թելադրելու, քաղաքացիական ու հանրային ծառայողներին պարտադրելու, մեծամասնական ընտրակարգով ընտրական գործընթացն աղավաղելու, ընտրացուցակները խարդախելու, բանակն ու եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու եւ այլ արատավոր գործելակերպից:

Տասնվեց տարի շարունակ իշխանությունների կողմից հակոտնյա այդ մեթոդաբանությամբ ընտրությունների կազմակերպումն է հենց շարունակաբար սեւացրել ու վարկաբեկել երկրի հեղինակությունը, հանգեցրել ժողովրդական ընդվզման եւ արյունահեղության: Չափազանց մտահոգիչ է, որ նախագահի կողմից 2008թ. նախագահական ընտրությունները դրական են գնահատվում եւ վկայակոչվում իբրեւ միջազգային չափանիշներին հիմնականում համապատասխանող, ինչից ենթադրվում է, որ կարող է լինել նոր «Մարտի 1»:

Գործող նախագահը պետք է գիտակցի, որ քաղաքական նման հռետորաբանությունը, որն ուղեկցվում է վերոնշյալ մեթոդներով անցկացված «ընտրություններով», ամենակարճ ճանապարհն է բացում դեպի ներհասարակական անհանդուրժողականություն: Ուստի սթափվելու պահը բոլորի համար է, եւ առաջին հերթին` գործող նախագահի:

Եթե Սերժ Սարգսյանը սխալվել է կամ վրիպել, կամ էլ շեղվել նախագահական ոճից եւ բովանդակությունից` դա էլ է պատահում, դեռ կարող է ուղղել սխալը, անհեթեթ ու անիմաստ ասպատակումների փոխարեն ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանի նամակի կետերի գերակշիռ մեծամասնության ճշմարտացիությունը եւ քայլեր ձեռնարկել այդ խնդիրներն անհապաղ լուծելու, ընտրությունները հանրորեն ընդունելի դարձնելու, Հայաստանի Հանրապետությունում վերջապես իրավական (դե յուրե) ընտրական արդյունք ապահովելու համար»:

Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ էր հղել Հայաստանի նախագահին` պահանջելով որոշակի քայլեր կատարել արդար ընտրությունների անցկացումը երաշխավորելու համար: Նա մասնավորապես, առաջարկել էր, որ նախագահն ու գործող մյուս պաշտոնյաները հրաժարվեն բարձր ուսումնական հաստատությունների հոգաբարձուների խորհրդի նախագահի ու համապատասխան այլ պաշտոններից, դադարեցնեն բուհերի քաղաքականացումը: