Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի մանկապարտեզում տեղի ունեցած զարհուրելի դեպքի առիթով տվյալ դաստիարակը եւ մանկապարտեզի տնօրենը հրավիրվել են ոստիկանության Արարատի բաժին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել  է Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը:

«Վստահեցնում եմ՝ մեղավորները խստագույն պատժի կենթարկվեն։ Հետամուտ եմ լինելու նաեւ նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործում»,- գրել է նա։

Նշենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է դաստիարակը ծեծում քնելու պառկած երեխային։ Տարբեր գրառումներից հասկանալի է, որ դեպքը տեղի է ունեցել Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում։

«Արդեն զզվցրիր դու ինձ»,- ծեծելուն զուգահեռ ասում է տեսանյութի կինը, իսկ երեխան լացելով փորձում է փախչել նրանից։

Ոստիկանությունից հայտնել են, որ նշված դեպքով հաղորդում չի ստացվել. «Ոստիկանություն հաղորդում չի ներկայացվել: Այս պահին տեսանյութը ուսումնասիրվում է, տեղեկություն կտրամադրվի»,- ասել է ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: