Երեխային բռնության ենթարկած դաստիարակին պատժելով խնդիրը չի լուծվում։ Տնօրենը պետք է իմանա, եթե իր մանկապարտեզում նման բան է լինում, ինքը կորցնելու է աշխատանքը, պատժվելու է: Այս մասին, այսօր՝ «Երեխաների նկատմամբ բռնության տարածվածությունը մանկապարտեզներում. ո՞րն է իրավական գնահատականը» թեմայով քննարկման ժամանակ նշեց 2020-ին մանկապարտեզում բռնության ենթարկված երեխայի մայր Վիկտորյա Ռստակյանը:
Նա ընդգծեց, այստեղ անելիք ունեն նաև պետական մարմինները, որոնց գործառույթն է պատճած վերահսկողության իրականացումը. «Եթե մանկապարտեզում նման դեպք է լինում, իսկ տնօրենը չի հեռանում իր աշխատանքից, պաշտոնից, ուրեմն դա կրկնվելու է, ուրեմն ուրիշ դաստիարականերն էլ կարող են դա անել։ Տնօրենն ունի բոլոր հնարավորությունները, իրավասություն՝ տեղյակ լինելու, թե ինչ է կատարվում սենյակներում»,-ասաց ծնողը։
Չորս տարի առաջ՝ 2020-ին, Վիկտորյա Ռստակյանը բարձրաձայնել էր Երևանի մասնավոր մանկապարտեզում («Մեր բակը» մանկապարտեզ) տեղի ունեցած նմանատիպ դեպքի մասին․ երեխաներին վիրավորել էին, սպառնացել, բղավել նրանց վրա, վախեցրել տարբեր միջոցներով։
Մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներն աշխատակիցներին մեղադրում էին սաներին ծեծելու ու վիրավորելու մեջ։ Արդյունքում հարուցվել է քրեական գործ։ Մեկ տարի տևել է նախաքննությունը, երեք տարի շարունակվում է դատավարությունը։
«Վերջապես կարողացել ենք վկաներին հավաքել իրար գլուխ։ Մոտ կես տարի մանկապարտեզի տնօրենին հնարավոր չէր լինում բերել դատարան, որպեսզի վկայություն տա։ Նա նոր մանկապարտեզ է բացել, տվյալները հրապարակված են։ Դատավորը ոստիկանությանն ասում է՝ պետք է բերման ենթարկել այս մարդուն վկայության համար, չէին անում, էլի մենք ենք գտել կոնտակտները։ Բացի այդ դատարանները շատ ծանրաբեռնված են»,-գործի ընթացքը ներկայացրեց ծնողը։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակցուհին ծեծում երեխային։ Ըստ ՆԳՆ ոստիկանության կատարած ուսումնասիրության՝ դեպքը տեղի է ունեցել այս տարվա մայիսին Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում։ Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ առերևույթ բռնություն կիրառելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Վեդու քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել․ դաստիարակին ձերբակալելու որոշում է կայացվել։





























