Թեհրանում պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը կհանգեցնի Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լարվածության աճի։ Նման տեսակետ է հայտնել ամերիկյան The Wall Street Journal պարբերականը։

Նշվում է, որ Հանիեի սպանությունն, ամենայն հավանականությամբ, կբարձրացնի լարվածությունը տարածաշրջանում, մինչդեռ Միացյալ Նահանգները ձգտում է Իսրայելից և ՀԱՄԱՍ-ից համաձայնություն ստանալ Գազայի հատվածում հրադադարի շուրջ»։ Հանիեի մահը կդիտվի որպես Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավոր հաղթանակը, որն ավելի վաղ խոստացել էր «ոչնչացնել ՀԱՄԱՍ»-ի առաջնորդներին։ Տեղի ունեցածը կարող է վկայել պաղեստինա-իսրայելական հակամարտության «նոր փուլի մեկնարկի մասին», հավելում է պարբերականը։

Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր Հանիեի մահվան մասին Թեհրանում նրա նստավայրին իսրայելական հարվածի ժամանակ, որտեղ նա մասնակցել էր Իրանի ընտրված նախագահ Մասուդ Պեզեշքիանի երդմնակալության արարողությանը։ Իր հերթին, Al Hadath հեռուստաալիքը հայտնել է, որ Հանիեն սպանվել է հրթիռի ուղիղ հարվածի հետևանքով, երբ վերջինս հարձակման պահին ննջարանում էր։