Բոսնիայի հյուսիս-արևմտյան քաղաքներից մեկում դպրոցի աշխատակիցը կրակել և սպանել է երեք մարդու, հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Հրաձիգը փորձել է ինքնասպան լինել և արդյունքում ծանր վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց:

Հրաձգությունն՝ ըստ տարածաշրջանային ոստիկանության խոսնակ Ադնան Բեգանովիչի՝ տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 10-ի սահմաններում Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյից 300 կիլոմետր հյուսիս-արևմուտք ընկյած Սանսկի Մոստ քաղաքի միջնակարգ դպրոցում:

Բեգանովիչն Associated Press-ին ասել է, որ տղամարդն օգտագործել է «մարտական զենք՝ ավտոմատ հրացան»: Նա նշել է՝ զոհերի թվում են դպրոցի տնօրենը, քարտուղարը և ուսուցիչը։

Տարածաշրջանային N1 հեռուստատեսությամբ հայտնել են, որ տղամարդու և դպրոցի ղեկավարության միջև վիճաբանություն էր ծագել։

Բոսնիական դպրոցները փակ են ամառային արձակուրդին, սակայն Բեգանովիչն նեշ է, որ դպրոցում մարդիկ կան, քանի որ կրկնակի քննություններ են հանձնում: