Թուրքիան թեստավորել է սեփական SIPER-2 հակաօդային պաշտպանության համակարգը, որը հայտնի է որպես «Պողպատե գմբեթ»։ Այս մասին տեղեկացրել են թուրքական NTV-ն եւ պաշտպանական արդյունաբերության տնօրինության ղեկավար Հալուք Գյորգյունը։
Գյորգյունը հայտնել է, որ այս նախագիծը «ամենախոշոր ներդրումներից մեկն է երկրի անվտանգությունում»։
«SIPER համակարգը ապահովում է արդյունավետ պաշտպանություն մեծ հեռավորության եւ բարձրության վրա, ուժեղացնում երկրի սահմանների անկախ պաշտպանության մեր նպատակը՝ որպես պողպատե վահան»,- ասել է նա։
SIPER-2-ը ստեղծել են Aselsan, Roketsan եւ Tübitak SAGE թուրքական ընկերությունները։
Նշվել է, որ ՀՕՊ համակարգը բաղկացած է մի քանի բաղադրիչներից՝ Sungur զենիթահրթիռային համալիրից, SIPER-ի հեռահար գործողության ՀՕՊ համակարգից եւ լազերային կայանքից։
Թուրքական «Պողպատե գմբեթը» ունի նաեւ «յուրային-օտար» նույնականացնող թիրախներ եւ միաժամանակ ութ կայանքներից հրթիռների միաժամանակյա արձակման հնարավորություն, որոնցից յուրաքանչյուրը տեղավորում է վեցական հրթիռ։
Սպասվում է, որ SIPER-2-ը կոչնչացնի թեւավոր հրթիռներ, կործանիչներ, «օդ-երկիր» դասի հրթիռներ, անօդաչուներ, իսկ ապագայում՝ նաեւ բալիստիկ թիրախներ։ Առաջին նման համակարգը պետք է շահագործման մեջ մտցվի մինչեւ այս տարվա վերջ։





























