Մի քանի տարի առաջ Հայաստանում մեկ ժամի արտադրողականությունը 6 դոլարի սահմաններում էր, հիմա ընդհուպ մոտեցել ենք 10 դոլարին եւ մեր թիրախը 12 դոլարն է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Երեւանում ընթացող Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ նշեց Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:

Խոսելով տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին, նախարարն ասաց. «Դա մեկ օրում կամ մեկ տարում տեղի ունեցող գործընթաց չէ: Այն տնտեսությունը, որը հիմա ունենք նույնիսկ վերջին 31-32 տարիների տնտեսական քաղաքականության հետեւանք չէ, դա մեր ժառանգության հետեւանքն է: Հայաստանը լինելու ԽՍՀՄ մաս, իր տնտեսությունը կառուցվել է առաջին հերթին այն տրամաբանությամբ, որ այն պետք է սպասարկեր ողջ Խորհրդային Միությանը: Այս առումով բազմաթիվ խոչընդոտներ կան, որոնք օբյեկտիվորեն խանգարում են դիվերսիֆիկացիան առաջ տաներուն:

Դիվերսիֆիկացիան որեւէ երկրի դեմ չէ, այն հանուն Հայաստանի է: Եթե մենք այսօր արձանագրեինք, որ մեր տնտեսությունը մեծ չափով մեկ այլ երկրից է կախված, մենք նորից նույն տրամաբանությամբ կխոսեինք դիվերսիֆիկացիայի մասին, որովհետեւ դիվերսիֆիկացիան մեր անկախության մասին է: Որքան շատ տեղերից ես դու կախված, այնքան շատ տեղերից են քեզնից կախված»: