Արցախահայության բռնի տեղահանումից 1 տարի անց 18-ամյա Մանանան այսօրվա պես հիշում է սեպտեմբերի 19–ի ու դրան հաջորդող օրերի բոլոր մանրամասները։
«Եռաբլուրում» NEWS.am–ի հետ զրույցում 18–ամյա Մանանան վերհիշեց հայրենի Մարտակերտի դպրոցում անցկացրած վերջին օրը։
«Մենք աղջիկներով, մի խմբով հավաքվել էինք, ծիծաղելով գնում էինք ու չգիտեինք՝ հետո ինչ կլինի։ Պահակը մեզ ասում էր, որ շուտ տուն գնանք, բայց չէինք հասկանում, թե ինչ է կատարվում, չէինք պատկերացնում, որ հարձակում է սկսվել»,- ասում է Մանանան։
Տուն վերադառնալուց հետո Մանանան ընտանիքի հետ ԿԱՄԱԶ–ով նախ տեղափոխվում են Առաջաձոր, ապա Կիչան, նրանց մտքով նույնիսկ չէր անցնում, որ հետո տուն վերադառնալ այլեւս չեն կարողանա։ Ընտանիքն ավելի ծանր հոգեվիճակում է հայտնվել, երբ կորել են եղբոր կինն ու նրա 2 ամսական երեխան։ Ստիպված Խոջալուից ոտքով հասել են Ստեփանակերտ՝ փնտրելու նրանց։ Այնուհետեւ միասին բոլորը դուրս են եկել Ստեփանակերտից՝ սեպտեմբերի 26–ին։ 1 տարի հայրենիք քաղաքից հեռու ապրելուց հետո Մանանան անկեղծանում է․ «Մենք գիտեինք, թե ամենավատը, ամենադժվար փուլն այն է, որ պետք է իրենց դրոշի տակով անցնենք, բայց իրականում ամենադժվարը Արցախից հետոն է, Արցախից հեռու ապրելն է դժվար»։





























