Volkswagen ընկերության վարչությունը քննարկում է մինչև 30 հազար աշխատակիցների կրճատումը, հայտնում է գերմանական Bild պարբերականը։
Այսպես, Վոլֆսբուրգի Volkswagen-ի գլխավոր գործարանում 70 հազար աշխատակիցներից 40 հազարը զբաղված է ադմինիստրատիվ աշխատանքով, և տնօրենների խորհուրդն արդեն որոշել է վարչարարական ծախսերը նվազեցնել 20%-ով։
Ռիսկի գոտում են նաև Էմդենի և Օսնաբրյուկի գործարանների ավելի քան 10 հազար աշխատակիցները. նրանց արտադրական հզորությունները բավականաչափ ծանրաբեռնված չեն, ինչը ձեռնարկություններին հնարավորություն չի տալիս շահութաբեր դառնալ։ Զալցգիթերի բաղադրամասերի արտադրության գործարանում գործերը ևս ցանկալի արդյունքով չեն ընթանում (7500 աշխատատեղ):
Volkswagen-ը հույսեր է կապում էլեկտրական ավտոմեքենաների պահանջարկի մեծացման հետ, որոնց համար վերաբաշխվել են Ցվիկաուի գործարանը և մասամբ Հաննովերի գործարանը: Նման դեպքում ձեռնարկությունների աշխատանքի դադարեցումից և զանգվածային կրճատումներից ապագայում հնարավոր կլինի խուսափել։





























