Իշխանության մեջ կարող են լինել հանուն արդարության վեճեր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ԱԺ–ում NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ–ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով Ագիշտի Քյարամյան – Հովիկ Աղազարյան վեճին։

«Եթե իշխանական պատգամավորը նկատում է, որ սխալ է արվում, պետք է լռի՞, միայն ընդդիմադիրնե՞րը պետք է խոսեն, ոչ, բոլորն էլ պետք է պայքարեն կոռուպցիայի դեմ։ Վեճը բնական բան է, եթե բոլորս պայքարում ենք Հայաստանի անկախության, կոռուպցիայի դեմ, ապա վեճերն էլ պետք է լինեն, առանց դրանց չի կարող լինել։ Իշխանության մեջ կարող են լինել հանուն արդարության վեճեր»,- նշեց նա։

Հարցին՝ այդ վեճն արդյո՞ք հետևանք ունենալու է,  Գագիկ Մելքոնյանն ասաց. «Ամեն մարդ իր գործն է անում։ Քյարամյանն իր գործն է անում, Աղազարյանն՝ իր գործը։ Սեպ խրելը պետք է չլինի»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին, ԱԺ-ում ուժայինների մասնակցությամբ լսումների ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի ու ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև թեժ վիճաբանություն տեղի ունեցավ: Հովիկ Աղազարյանն իր ելույթում հայտարարել է, որ կալանքը կիրառվում է որպես ճնշման միջոց, նաեւ քննադատել ՔԿ-ի եւ նրա նախագահ Արգիշտի Քյարամյանի աշխատանքը: Արգիշտի Քյարամյանն էլ արձագանքել է, թե այս երկրում չկա որևէ անձ, որը կարող է իր ասածների վերաբերյալ ռեպլիկներ բաց թողնել։ «Տղայական» խոսակցությունը ԱԺ լսումների ժամանակ թեժացել է այն պահին, երբ Քյարամյանը հայտարարել է, թե Հովիկ Աղազարյանի որդու վերաբերյալ քրգործով իրեն «զանգել են»։ Աղազարյանն էլ բորբոքված պահանջել է անուններ հրապարակել։

Հատկանշական էր նաև այն, որ Աղազարյանն ու Քյարամյանը նստած էին կողք կողքի եւ մթնոլորտն այնքան էր լարվել, որ հնչեցին վիրավորանքներ և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ստիպված էր մոտենալ ու հեռու տանել Քյարամյանին, որ բանը չհասնի բռունցքների: