Լեհաստանի դատախազությունը մտադիր է մեղադրանք առաջադրել բեռնատարի վարորդին, որը, նրանց կարծիքով, Լեհաստանի հյուսիսային մայրուղում վթարի պատճառ է դարձել, որի հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ երկու տղա երեխա, ևս 15-ը վիրավորվել են, հայտնում է Associated Press-ը:
Վթարը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 23։00-ի սահմաններում, երբ հյուսիսային Գդանսկ քաղաքի մերձակայքում S7 մայրուղու վրա բեռնատարը բախվել է մեքենային։
Բախումը շղթայական ռեակցիա է առաջացրել, որում ներգրավվել է 21 մեքենա՝ 18 մարդատար և երեք բեռնատար, որոնցում ընդհանուր առմամբ եղել է 56 մարդ։
Գդանսկի շրջանային դատախազության խոսնակ Մարիուշ Դուշինսկին կիրակի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտնել է, որ դատախազությունը նախատեսում է քրեական պատասխանատվության ենթարկել 37-ամյա վարորդին բազմաթիվ մարդկանց կյանքն ու առողջությունը վտանգած ճանապարհատրանսպորտային պատահարի համար։





























