Սուդանում բեռնատար ինքնաթիռ է խոցվել, որում ենթադրաբար ռուսներ են եղել։ Ըստ ТАСС գործակալության՝ դրա մասին հայտնել է ՌԴ դեսպանատունը։

Ապստամբների Արագ արձագանքման ուժերը (RRF), որոնք գրավել են Սուդանի արևմտյան Դարֆուր շրջանը, իրենց սոցիալական ցանցերում հայտարարել են, որ Հյուսիսային Դարֆուրի նահանգում կործանվել է սուդանական Իլ-76 բեռնատար ինքնաթիռը, որի անձնակազմում, ըստ նրանց, եղել են ՌԴ քաղաքացիներ, գրում է Газета.ру-ն։

Ռուսաստանի դիվանագիտական ​​առաքելությունից հայտնել են, որ երկրի դիվանագետները կապի մեջ են Սուդանի իշխանությունների հետ և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ այդ միջադեպի հանգամանքները պարզելու համար։

Նրանք միաժամանակ նշել են, որ իրավիճակը բարդանում է նրանով, որ այն տարածքը, որտեղ օդանավը կործանվել է, մարտերով բռնկված Դարֆուրում է։

Սեպտեմբերի 30-ին Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Սուդանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարվածել է Խարտումում ԱՄԷ դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի նստավայրին։ Գերատեսչությունից հայտնել են, որ շենքը «լրջորեն վնասվել է»։

ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է այդ հարձակումը։