Առնվազն մեկ մարդ զոհվել, 15 հոգի տուժել է Ուելսում երկու գնացքների բախման հետեւանքով։ Այս մասին տեղեկացրել է Sky News հեռուստաալիքը։
Նրա տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի, տեղի ժամանակով ժամը մոտ 19.30-ին։ Բոլոր տուժածները տեղափոխվել են մերձակա հիվանդանոցներ։
Տրանսպորտային ընկերության տեղեկացմամբ՝ միջադեպի տեղամասում գնացքների շարժը դադարեցվել է։
Ուելսի առաջին նախարար Էլուենդ Մորգանը ցավակցություն է հայտնել վթարի առիթով։ «Իմ մտքերը բոլորի հետ են, ովքեր տուժել են երկաթուղային միջադեպից այսօր երեկոյան Պոուիսում»,- գրել է նա Х-ի իր էջում։
Ոստիկանությունը եւ փրկարարները շարունակում են աշխատել պատահարի վայրում։ Բախման պատճառների մասին չի տեղեկացվում։





























