Հունաստանի հյուսիսում դատարանը մեկամսյա պայմանական ազատազրկման է դատապարտել մի տղամարդու, որին մեղադրել են իր հարևաններին անհանգստացնելու համար. նա բազմիցս սողոսկել է հարևանների սեփականություն՝ վերջիններիս կոշիկները հոտոտելու համար, գրում է Associated Press-ը:

28-ամյա հույնը Սալոնիկի դատարանում հայտարարել է, որ չի կարող բացատրել իր վարքագիծը, ինչն, ըստ նրա, անհարմարության զգացում է պատճառել իրեն։

Նա ընդգծել է, որ օրենք խախտելու կամ որևէ մեկին վնասելու մտադրություն չի ունեցել, հարևաններն էլ իրենց հերթին վկայել են, որ գիշերային այցելությունների ժամանակ նա երբեք ագրեսիայի նշաններ չի ցուցաբերել։

Տղամարդը ձերբակալվել է հոկտեմբերի 8-ի լուսաբացից առաջ Սալոնիկից 15 կիլոմետր դեպի արևմուտք ընկած Սինդոս փոքրիկ քաղաքում։

Հարևանները ոստիկանություն էին կանչել, երբ մեղադրյալին բռնացրել են բակում՝ իրենց ընտանիքի անդամների՝ օդափոխման համար դրսում թողնված կոշիկները հոտոտելիս:

Դատարանը պարզել է, որ վերջին վեց ամսվա ընթացքում առնվազն երեք նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել, չնայած հարևանները խնդրել են մեղադրյալի ընտանիքին ստիպել նրան վերջ տալ այդ սովորությանը:

Տղամարդուն հրահանգել են այցելել թերապիայի սեանսների։