«Սինալոա» կարտելի առնվազն 19 անդամներ սպանվել են Մեքսիկայում զինվորականներից այդ հանցավոր խմբավորման ձերբակալված պարագլուխներից մեկին խլելու փորձի ժամանակ։ Այս մասին նշվել է հանրապետության ՊՆ հայտարարությւոնում։

«Իրավակարգի պահապանների գործողությունների արդյունքում բռնվել է Էդվին Անտոնիո «Н»-ը՝ Էլ Մաքս մականունով, հանցավոր այն խմբի ենթադրվող ղեկավարը, որը կապված է խաղաղօվկիանոսյան «Մայո Սամբադա» կարտելի հետ (որը հայտնի է նաեւ որպես «Սինալոա»)»,- նշվել է ռազմական գերատեսչության հայտարարությունում։

«Միջոցառման ընթացքում զինծառայողների դեմ հարձակում են գործել նշված խմբավորման 30 անդամներ եւ ձերբակալվածի անձնական թիկնապահները, այն հետ է մղվել դաշնային ուժերի կողմից։ Արդյունքում՝ 19 հարձակվող սպանվել է, մյուսները դիմել են փախուստի»,- տեղեկացրել են ՊՆ-ում։

Հատուկ գործողության ընթացքում առգրավվել են զենքեր, պաշտպանության միջոցներ, ինչպես նաեւ հանցագործներին պատկանող մեքենաներ։ Տեղեկացվել է, որ իրադարձությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 21-ին Պլան-դե-Օրիենտե գյուղական համայնքում, Կուլյականի արեւելքում։