Տասնյակ հազարավոր մարդիկ երթով հասել են Վելինգտոնում Նոր Զելանդիայի խորհրդարանի շենք՝ բողոքելով օրինագծի դեմ, որն, ըստ քննադատների, խարխլում է երկրի հիմնադիր սկզբունքները և ոտնահարում մաորի ժողովրդի իրավունքները, հայտնում է CNN-ը։

Երթը սկսվել է ինը օր առաջ Նոր Զելանդիայի հեռավոր հյուսիսում և ընդգրկել ամբողջ Հյուսիսային կղզին` դառնալով երկրի վերջին տասնամյակների ամենամեծ բողոքի ցույցերից մեկը: Մաորիի ավանդական խաղաղության քայլարշավը կամ հիկոյն ավարտվել է երեքշաբթի խորհրդարանի շենքի մոտ, որտեղ ցուցարարներն օրենսդիրներին կոչ են արել մերժել Պայմանագրի սկզբունքների վիճահարույց օրինագիծը, որը նպատակ ունի վերանայել բրիտանացի գաղութարարների և մաորի հարյուրավոր ցեղերի միջև 184-ամյա պայմանագիրը:

Ոստիկանության տվյալներով՝ երթին մասնակցել է մոտ 42 հազար մարդ։

Նորզելանդական Վայտանգի պայմանագիրը փաստաթուղթ է, որը 1840 թվականին ստորագրել են գաղութային բրիտանական ռեժիմն ու և 500 մաորի առաջնորդները: Պայմանագիրն ամրագրում է բնիկ և ոչ բնիկ նորզելանդացիների միջև ընդհանուր կառավարման սկզբունքները: Միջազգային պայմանագիրը համարվում է երկրի հիմնադիր փաստաթղթերից մեկը, և դրա դրույթների մեկնաբանումը առաջվա պես սահամնում է երկրի օրենսդրությունն ու քաղաքականությունը:

Ստորագրվել է տեքստի երկու տարբերակ՝ մաորի լեզվով կամ Տե տիրիտիով և անգլերենով, բայց յուրաքանչյուրը տարբեր ձևակերպում է պարունակում, որը երկար ժամանակ պայմանագրի սահմանման և մեկնաբանման վերաբերյալ հակասություններ է առաջացրել:

Պայմանագրի սկզբունքների օրինագիծը ներկայացրել է աջակողմյան ACT New Zealand կուսակցության առաջնորդ Դեյվիդ Սեյմուրը, որը կոալիցիոն կրտսեր գործընկեր է իշխող Ազգային և Նոր Զելանդիայի առաջին կուսակցությունների հետ: Սեյմուրն ասում է, որ ինքը չի ձգտում փոխել սկզբնական պայմանագրի տեքստը, այլ պնդում է, որ դրա սկզբունքները պետք է սահմանվեն օրենքով և պետք է կիրառվեն բոլոր նորզելանդացիների, ոչ միայն մաորիների նկատմամբ: Օրինագծի կողմնակիցները պնդում են, որ պայմանագրի մեկնաբանման հատուկ մոտեցումը մաորիին տարիներ շարունակ հատուկ կարգավիճակով է օժտել:

Անցյալ շաբաթ խորհրդարանում օրինագծի քննարկման նիստը կասեցվել էր, երբ խորհրդարանի որոշ անդամներ կատարեցին մաորի հակա ծիսական պարը՝ ի նշան դրա ընդունման բողոքի: