Ford Motor ընկերությունը հայտարարել է, որ մինչև 2027 թվականի վերջը Եվրոպայում և Միացյալ Թագավորությունում կկրճատի իր աշխատուժը 4000-ով՝ պատճառաբանելով դժվարությունները տնտեսությունում, աճող մրցակցության ճնշումը և էլեկտրական ավտոմեքենաների սպասվածից թույլ վաճառքը, հաղորդում է Associated Press-ը:

Ford չորեքշաբթի հայտարարել է, որ աշխատատեղերի կրճատումների մեծ մասը տեղի կունենա Գերմանիայում և կիրականացվի աշխատակիցների ներկայացուցիչների հետ համաձայնեցված։

Ընկերությունը հայտարարել է նաև, որ կնվազեցնի աշխատողների աշխատանքային ժամերը Գերմանիայի Քյոլնում տեղակայված իր գործարանում, որտեղ արտադրվում են Capri և Explorer էլեկտրական ավտոմեքենաները:

Ford-ի փոխակերպումների և գործընկերությունների գծով եվրոպական փոխնախագահ Դեյվ Ջոնսթոնը հայտարարել է, որ «կարևոր է, որ մենք դժվար, բայց վճռական քայլեր ձեռնարկենք՝ Եվրոպայում Ford-ի ապագա մրցունակությունն ապահովելու համար»:

Ըստ ընկերության հայտարարության՝ «համաշխարհային ավտոմոբիլային արդյունաբերությունն առաջվա պես զգալի խափանումների փուլում է, քանի որ այն անցնում է էլեկտրաֆիկացված շարժունակության»:

«Տրանսֆորմացիան հատկապես ինտենսիվ է Եվրոպայում, որտեղ ավտոարտադրողները բախվում են զգալի մրցակցային և տնտեսական մարտահրավերների, ինչպես նաև CO2 արտանետումների կանոնակարգերի և էլեկտրական ավտոմեքենաների սպառողների պահանջարկի միջև անհամապատասխանության»,-նշվում է հայտարարության մեջ: