Մեծ Բրիտանիայի կառավարությունը Ուկրաինային է հանձնել եւս տասնյակ Storm Shadow հեռահար թեւավոր հրթիռներ, Bloomberg-ն պատմել են իրազեկ աղբյուրները։ Այդ մատակարարումն առաջինն է նոր վարչապետ Քիր Սթարմերի օրոք, որը պաշտոնն ստանձնել է հուլիսի սկզբին։
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ Storm Shadow-ներն Ուկրաինա են ուղարկվել մի քանի շաբաթ առաջ, երբ սպառվել էին Կիեւի հեռահար հրթիռները։ Բայց դա տեղի է ունեցել մինչ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան թույլատրել էին ուկրաինացի զինվորականներին արեւմտյան զենքով հարվածել Ռուսաստանի տարածքի խորքին։
Թե որքան հրթիռ է ստացել Ուկրաինան եւ երբ՝ գործակալության զրուցակիցները չեն բացահայտել։ Մեծ Բրիտանիայի ՊՆ-ում չեն մեկնաբանել այս տեղեկությունը։
Մինչ այդ The Times-ի աղբյուրները բրիտանական ՊՆ-ում ասել էին, որ հեռահար հրթիռների մատակարարումները դադարեցվել են սեփական պաշարների սպառման պատճառով։ Janes ռազմահետախուզական ընկերության տվյալներով՝ մինչեւ պատերազմի սկիզբը Մեծ Բրիտանիայի զինանոցում կար մոտ 822 Storm Shadow հրթիռ։ Այդ ժամանակվանից Լոնդոնը չի պատվիրել նոր հրթիռներ արտադրողին՝ անգլո-ֆրանսիական MBD պաշտպանական ընկերությանը։
Ուկրաինայի ԶՈւ-ն առաջին անգամ Storm Shadow-ի օգնությամբ հարվածներ է հասցրել նոյեմբերի 20-ին՝ կիրառելով մոտ 12 հրթիռ։ Դրանց բեկորները գտնվել են Կուրսկի մարզում, իսկ երկու հրթիռ որսացել են Յեյսկում, սեւծովյան նավատորմի կողմից Կրասնոդարի երկրամասի հարավում, տեղեկացրել է «Ռիբար» թելեգրամ-ալիքը։ Դրանից մեկ օր առաջ Ուկրաինայի ԶՈւ-ն օգտագործել էր ամերիկյան հեռահար հրթիռներ՝ հարվածելու համար Բրյանսկի մարզի ռազմական օբյեկտներին։





























