ԿԽՄԿ-ն ուղիղ չի զբաղվում մարմինների նույնականացմամբ եւ անհետ կորածների որոնմամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցային ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նա նշել է, որ ԿԽՄԿ-ն տարածաշրջանում ներկայացվել է 1990-ականներին՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ։
«Ավելի քան 30 տարի զբաղվում ենք հակամարտության հետ կապված հարցերով՝ տարբեր ուղղություններով։ Անհետ կորածների հարազատների իրավունքն է իմանալ, թե ինչ է տեղի ունեցել իրենց մերձավորների հետ։ Այս առումով ԿԽՄԿ-ն աշխատում է իրավասու մարմինների հետ, աջակցում է իր տեխնիկական եւ փորձագիտական հնարավորություններով, օգտագործելով նաեւ այլ հակամարտային իրավիճակներում ձեռք բերած գիտելիքները»,- նշել է Ամատունին։
Հարազատներին պետք է ներկայացնել առավելագույն սպառիչ տեղեկություն անհետ կորածների մասին։ Ամատունին նշել է, որ տարածաշրջանային պատվիրակությունները հավաքել են տվյալներ ավելի քան հինգ հազար անձանց մասին, որոնք անհետ կորել են 90-ականների սկզբին հակամարտության հետեւանքով։ Նրանցից մոտ հազարը հայեր են, նրանց մասին տվյալները հավաքվել են Երեւանի պատվիրակության եւ ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության կողմից (ներկայում առաքելությունը դադարեցրել է աշխատանքը)։
«Նրանք այն մարդիկ են, որոնց նրանց հարազատները համարում են անհետ կորած»,- նշել է Ամատունին։ Այն համատեքստում, որ մի շարք հարազատներ հրաժարվում են ընդունել պետական մարմինների իրականացրած փորձաքննությունների արդյունքները, ԿԽՄԿ ներկայացուցիչը նշել է, որ կազմակերպությունը փորձում է օգնել պարզել հանգամանքները, ըստ որոնց հարազատները չեն ընդունում ԴՆԹ անալիզները։ Նա ընդգծել է, որ ԿԽՄԿ-ն ինքը չի զբաղվում նույնականացմամբ։ «Դա պետության համապատասխան կառույցների աշխատանքն է։ ԿԽՄԿ-ի կողմից աջակցությունը փորձը հաղորդելն է, մենք սերտորեն համագործակցում ենք փորձաքննությունների ազգային կենտրոնի հետ»,- ասել է Ամատունին՝ ավելացնելով, որ հայ մասնագետների կարողությունների բարձրացումը կնպաստի անհետ կորածների թվի կրճատմանը որեւէ արտակարգ իրավիճակի դեպքում։
ԿԽՄԿ-ն նաեւ աջակցում է անհետ կորածների ընտանիքներին։ Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2022թ. եւ տարածվում է 2020թ. հակամարտության սրման ժամանակ անհետ կորած անձանց ընտանիքների վրա։ Շեշտադրվում է տարբեր կարիքների բավարարումը՝ սոցիալական, սոցիալ-հոգեբանական, հաշվի առնելով այդ մարդկանց վիճակի առանձնահատկությունը, որոնք ապրում են հույսի եւ հուսահատության միջեւ։ Անհրաժեշտ է նաեւ հիշել, որ շատ դեպքերում խոսքը կերակրողի բացակայության մասին է, ընդգծել է Զառա Ամատունին՝ նշելով անհետ կորածների ընտանիքի հետ շփման կարեւորությունը։
ԿԽՄԿ-ն ինքը անհետ կորածների որոնմամբ չի զբաղվում՝ հանդես գալով որպես չեզոք միջնորդ։ Տեղեկացնելը նույնպես պետության պարտականությունն է»,- հիշեցրել է պատվիրակության ներկայացուցիչը։





























