Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ակնարկել է, որ կարող է դիտարկել հաջորդ ընտրություններում նախագահի պաշտոնում առաջադրվելու հարցը։ Այս քողարկված ազդանշանը նա արել է Շանլիուրֆա նահանգում կայացած հանրահավաքում թուրք երգիչ Իբրահիմ Թաթլըսեսի հետ զրույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Թուրքիայի նախագահի հետ երգելուց հետո Թաթլըսեսը նրան հարցրել է՝ արդյոք «պատրա՞ստ է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում»։ «Ձեզ հետ պատրաստ եմ», - պատասխանել է Էրդողանը։

Որոշ տեղական լրատվամիջոցներ այս արտահայտությունը մեկնաբանել են որպես ազդանշան, որ Էրդողանը մտածում է նախագահական նոր ընտրություններում առաջադրվելու մասին։ Թեև 2023 թվականի գարնանը նա հասկացրել էր, որ իր պաշտոնավարման ավարտից հետո՝ 2028 թվականին, նախատեսում է ղեկավարությունը հանձնել նոր սերնդին։

Մինչդեռ, ըստ օրենքի, Էրդողանին կրկին առաջադրվելու համար անհրաժեշտ կլինի կա՛մ փոփոխություններ մտցնել սահմանադրության մեջ, կա՛մ արտահերթ ընտրություններ հայտարարել։ Որոշ իրավաբաններ համակարծիք են, որ նման տարբերակներով նրա առաջադրման համար խոչընդոտներ չեն լինի։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն առայժմ բացառում է արտահերթ ընտրությունների տարբերակը։ Միաժամանակ այն մտադիր է նոր սահմանադրություն մշակել և ներկայացնել հանրաքվեի։ Սակայն այդ աշխատանքները դեռ շարունակվում են՝ առանց հստակ ժամկետների:

Էրդողանն առաջին անգամ նախագահ է ընտրվել 2014 թվականին, երբ երկիրը խորհրդարանական համակարգ ուներ։ 2018 թվականին նա վերընտրվել է նախագահական համակարգի շրջանակներում։ 2023 թվականին  կրկին առաջադրվել է այն հիմնավորմամբ, որ նախագահական համակարգին անցումը զրոյացրել է նախկին սահմանադրական դրույթները։