Սիրիայի փաստացի առաջնորդ Ահմեդ Ալ-Շարաան զանգահարել է Լիբանանի նորընտիր նախագահ Ջոզեֆ Աունին և շնորհավորել նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հայտնում է Arab News-ը՝ հղում անելով Սիրիայի իշխող գլխավոր հրամանատարությանը։

Իր հերթին, Լիբանանի նոր նախագահ Ժոզեֆ Աունը խոստացել է օգտվել «պատմական հնարավորությունից՝ սիրիական պետության հետ լուրջ  երկխոսություն սկսելու համար»:

Հեռախոսազրույցը հաջորդել է Ալ-Շարաայի և Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի բանակցություններին, որը շաբաթ օրը գտնվում էր Սիրիայի մայրաքաղաքում՝ երկու հարևան երկրների միջև կապերը վերականգնելու առաքելությամբ:

Միքաթիի այցը Լիբանանի կառավարության ղեկավարի Դամասկոս կատարած առաջին այցն էր 2011 թվականին սիրիական քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո: Լիբանանի նախկին կառավարությունները խուսափել են Սիրիա այցելելուց՝ երկրում տիրող լարվածության պատճառով, որը կապված էր «Հեզբոլլահի» զինյալների կողմից այն ժամանակվա նախագահ Բաշար Ասադին աջակցելու հետ:

Սիրիայի նոր առաջնորդ Ալ-Շարաան հայտարարել է, որ հույս ունի նոր էջ բացել Լիբանանի հետ հարաբերություններում, երկու տարվա ճգնաժամից հետո Լիբանանում նախագահ ընտրելուց հետո:

«Մեր և Լիբանանի միջև երկարաժամկետ ռազմավարական հարաբերություններ կլինեն։ Մենք ընդհանուր մեծ շահեր ունենք Լիբանանի հետ։ Ժամանակն է «սիրիացիներին և լիբանանցիներին դրական հարաբերություններ կառուցելու հնարավորություն տալ», - ասել է նա՝ հավելելով, որ հույս ունի, որ Ժոզեֆ Աունի նախագահությունը Լիբանանում կայունության դարաշրջանի սկիզբ կդնի:

Ալ-Շարաան հայտարարել է, որ նոր Սիրիան «հավասար հեռավորություն է պահպանելու Լիբանանում բոլորից և փորձելու է խնդիրները լուծել բանակցությունների և երկխոսության միջոցով»:

Միքաթին իր հերթին ասել է, որ հարաբերությունները պետք է հիմնված լինեն «փոխադարձ հարգանքի, հավասարության և ազգային ինքնիշխանության վրա»։