Լոռիի մարզկենտրոն Վանաձորի թաղամասերից մի քանիսը գյուղեր են քաղաքի մեջ: Առաջին հայացքից տարօրինակ թվացող այս փաստն իրականում հենց այդպես է, որ կա:
1996 թվականին, մարզերի ձեւավորման հետ մեկտեղ, ձեւավորվեց նաեւ Լոռիի մարզը` իր 113 քաղաքային ու գյուղական համայնքներով: Այդ ժամանակ հենց Վանաձորին հարակից Ղշլախ եւ Վարդանլու փոքրիկ գյուղերը միավորվեցին որպես Վանաձորի մաս կազմող թաղամասեր:
Այսօր արդեն, 106 հազար բնակիչ ունեցող Վանաձորի մի մասը հենց այս գյուղերի բնակչությունն են, ու եթե Ղշլաղ թաղամասի բնակիչների կյանքն ու առօրյան գյուղականից փոքր-ինչ տարբեր է, ապա նախկին Վարդանլու գյուղում, որ այսօր դարձել է Խնձորուտ թաղամաս, պատկերը ճիշտ հակառակն է: Թաղամասի մի հատվածում մարդիկ պահպանել են գյուղական բոլոր սովորույթներն ու ավանդույթները, ամենից շատ քաղաքի հենց այս մասում են բնակիչներն անասուն պահում ու ապրում իրենց անասունների տված կաթ ու մածունով:
Վարդանլու թաղամասի բնակիչները կես կատակ-կես լուրջ ասում են, որ այստեղ կողք-կողքի երբեմն կարելի է հանդիպել միաժամանակ երթեւեկող կովերի ու արտասահմանյան թանկարժեք ավտոմեքենաների:
Ղշլաղում, սակայն, պատկերը լրիվ այլ է: Ընդամենը մի քանի ընտանիքներ կան այստեղ, որ ընտանի կենդանիներ են պահում, թաղամասի այդ տներում մի քանի անգամ նույնիսկ գայլային հարձակումներ են եղել, որոնցից վերջինի ժամանակ գայլն հոշոտել էր բնակիչներից մեկի այծերը: Ղշլաղը թեեւ գյուղին բնորոշ նեղլիկ փողոցներ ունի, տներն էլ կողք-կողքի ու իրար կպած են, բայց այդ նեղլիկ փողոցներն ամբողջությամբ ասֆալտապատված են, տները`բարեկարգ:
Խնձորուտցիներն ու Ղշլաղցիներն իրենց առանձնացված չեն զգում Վանաձորից, ապրում են իրենց սովորույթներով, չմոռանալով հետեւել քաղաքի բարքերին եւս:




























