«Երեւան Ջուր» ընկերությունը, դեկտեմբերի 21-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի «Երեխաների աջակցության կենտրոնում» կազմակերպում է Ամանորի տոն:
«Երեւան Ջուր» ընկերության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Երեւան Ջուր»-ն իր հետ բերելով երեխաների սիրելի հեթիաթների հերոսներին` գունեղ օր կպարգեւի Կենտրոնի երեխաներին: Նրանք կստանան Ձմեռ Պապի նվերները եւ կհամտեսեն նրա ուղարկած տոնական տորթը: Կենտրոնի երեխաներն էլ իրենց հերթին խոստացել են «Երեւան Ջուր» ընկերությանն ու իրենց սիրելի հերոսներին դիմավորել երգ ու պարով եւ Թումանյանական բեմադրություններով:
Սա «Երեւան Ջուր» ընկերության երկրորդ այցելությունն է «Երեխաների աջակցության կենտրոնի» երեխաներին: Նախորդ անգամ, Վարդավառի տոնին, ընկերության աշխատակիցները իրենց փոքրիկների հետ, հրաշալի օր անցկացրին Կենտրոնում: Անկասկած, այս հանդիպումը եւս ուրախություն կպարգեւի սաներին, թույլ տալիս մի պահ մոռանալ անձնական ծանր ապրումները, լցվել հավատով ու լավատեսությամբ ապագայի հանդեպ: Սակայն այն նաեւ մեզ` մեծերիս կհիշեցնի նրանց առջեւ սեփական պարտքի, արածի եւ անելիքի մասին:




























