Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության հիմնական դպրոցների 2 տասնյակ տնօրենների հետ, ովքեր վերջերս են մրցութային կարգով ստանձնել տնօրենի պաշտոնը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետը ներկայացրել է կրթության ոլորտում քաղաքապետարանի դիրքորոշումն ու սկզբունքները, որոնց իրականացումը պետք է լինի քաղաքապետարան-վարչական շրջան-դպրոց-ծնողական համայնք համատեղ աշխատանքի արդյունք:
«Ձեզ է վստահված վաղվա քաղաքացու կրթությունն ու դաստիարակությունը. սրտացավությամբ եւ պատվով պետք է կատարեք այդ առաքելությունը, վերականգնելով այն վստահությունը, որ միշտ եղել է դպրոցի եւ ուսուցչի նկատմամբ»,- նկատել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով դրամաավաքության երեւույթներին, քաղաքապետը պահանջել է անել հնարավորը դրանք դպրոցում բացառելու համար եւ կարեւորել է միասնականությամբ ու փոխվստահության մթնոլորտում կատարված աշխատանքը: Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ դպրոցներում պահանջվող հավելյալ ծախսերը կարելի է կատարել տնտեսումների հաշվին եւ «Օգնիր դպրոցիդ» արշավից ստացված ֆինանսական միջոցների շնորհիվ, որոնց վերաբերյալ տնօրենները ներկայացնում են հաշվետվություններ:
Քաղաքապետը նշել է նաեւ, որ նորանշանակ տնօրեններից շատերը փոխարինում են ինչպես երկարամյա փորձով վաստակաշատ տնօրենների, այնպես էլ իրենց պարտականություններում թերացածներին: «Ինչպիսի տնօրեն կլինեք դուք, մոտակա տարիներին կգնահատենք ձեր աշխատանքով եւ տասնամյակներ հետո` Հայաստանի համար պիտանի քաղաքացիներով»,- ասել է քաղաքապետը:
Տնօրենները իրենց հերթին շնորհավորել են Տարոն Մարգարյանին քաղաքապետի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ վստահեցրել, որ արժանապատվորեն կկատարեն իրենց պարտականությունները: Որպես մանկավարժների նկատմամբ քաղաքապետի ուշադրության դրսեւորում` տնօրենները նշել են վաստակաշատ մանկավարժ, համար 140 դպրոցի նախկին տնօրեն Գարեգին Թադեւոսյանին Քաղաքապետի պատվոգրի արժանացնելու` Տարոն Մարգարյանի որոշումը:




























