Ընդդիմադիր Mtavari հեռուստաալիքն այսօր առավոտյան դադարեցրել է հեռարձակումը` մեղադրելով դրա համահիմնադիր, գործարար Զազա Օկուաշվիլուն խնդիրներ ստեղծելու մեջ, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։
Հեռարձակման ժամանակացույցում հայտարարված «Քո առավոտը» առավոտյան հաղորդաշարի փոխարեն հեռուստադիտողները տեսնում են հայտարարություն, որտեղ ասվում է, որ Օկուաշվիլու արհեստականորեն ստեղծված ֆինանսական ճգնաժամը խոչընդոտում է հաղորդման թողարկմանը։
Mtavari-ն սկսել է հեռարձակվել 2019թ. սեպտեմբերին։ «Ռուսթավի 2» հեռուստաալիքի նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան այն ստեղծել է ռեկորդային ժամանակում՝ վեց ամսից էլ քիչ ժամանակում։ Դրան նախորդել են երկար տարիների դատական վեճերը, որոնց արդյունքում «Ռուսթավի 2-ը» վերադարձրել են կառավարությանը հավատարիմ գործարար Կիբար Խալվաշիին։ Գվարամիան հեռացվել է աշխատանքից, իսկ ավելի ուշ նրա դեմ գործ է հարուցվել ի վնաս մասնավոր ընկերության շահերի լիազորությունները չարաշահելու համար։
Նոր հեռուստաալիք ստեղծելու հարցում Գվարամիայի գործընկերներից մեկը Մեծ Բրիտանիայում բնակվող գործարար Զազա Օկուաշվիլին էր, որը մի քանի տարի առճակատման մեջ էր իշխանությունների հետ։ 2018թ. Եկամուտների ծառայությունը մեղադրել է նրա ընկերությանը՝ Omega Group Tobacco-ին, բազմամիլիոնանոց հարկային պարտքի մեջ։ Դատական վարույթը դեռ շարունակվում է։ Mtavari-ն գտնվում է Օկուաշվիլուն պատկանող նախկին Iberia հեռուստաընկերության շենքում եւ օգտագործում է դրա սարքավորումները։
Հունվարի 27-ին Mtavari-ն Օկուաշվիլուն մեղադրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության շահերից ելնելով գործելու եւ հեռուստաալիքը փակելու փորձի մեջ։ Հայտարարությունում ասվում է, որ Օկուաշվիլու կողմից նշանակված տնօրեն Գոգի Կուրդաձեն արգելափակում է միջոցների փոխանցումը ծառայություններ մատուցողներին, ինչը պատճառ է դարձել, որ հեռուստաալիքն անջատվի հեռուստադիտողների համար Վրաստանի շրջաններում եւ արտերկրում:





























