Իսրայելի և Մեծ Բրիտանիայի գիտնականների միջազգային թիմն ապացուցել է, որ արհեստական բանականության (AI) վրա հիմնված մեծ լեզվական մոդելները տարիքի հետ ճանաչողական անկման նշաններ են ցույց տալիս: Հետազոտությունը հրապարակվել է BMJ (British Medical Journal) գիտական հանդեսում։
Թիմը Մոնրեալի ճանաչողական գնահատման (MoCA) թեստի միջոցով փորձարկել է ChatGPT, Gemini և այլ հանրաճանաչ չաթ-բոտեր: MoCA-ն սովորաբար կիրառվում է մարդկանց ճանաչողական խանգարումները, մասնավորապես՝ Ալցհայմերի հիվանդությունը կամ դեմենցիան հայտնաբերելու համար: Թեստը ուշադրության, հիշողության, լեզվական հմտությունների, տեսողական ընկալման և կատարողական գործառույթների վերաբերյալ առաջադրանքներ է ներառում:
Արդյունքները ցույց են տվել, որ թեև նեյրոնային ցանցերը կարողացել են գլուխ հանել որոշ խնդիրներից, օրինակ՝ առարկաներ անվանել կամ կատարել լեզվական վարժություններ, դրանք տեսողական և տարածական հմտությունների, ինչպես նաև տեղեկությունների հիշեցման հարցերում դժվարությունների են հանդիպել:
Օրինակ՝ ChatGPT-ի վերջին (4-րդ) տարբերակը 30-26 միավոր է հավաքել, ինչը մարդկային նորմայի սահմաններում է, մինչդեռ ավելի հին տարբերակը՝ Gemini 1.0-ն ընդամենը 16 միավոր է ստացել՝ հնարավոր «ճանաչողական խանգարում» ի հայտ բերելով:
Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ իրենց բացահայտումները դիտողական բնույթ ունեն և չեն կարող օգտագործվել որպես արհեստական բանականության և մարդու բանականության ուղղակի համեմատություն: Ընդսմին, նրանք նախազգուշացնում են, որ իրենց հայտնաբերած թույլ կողմերը կարող են դանդաղեցնել արհեստական բանականության նեդրումը կլինիկական բժշկության մեջ, մասնավորապես՝ տեսողական աբստրակցիա և կատարողական գործառույթներ պահանջող առաջադրանքներում:
«Այս արդյունքները կասկածի տակ են դնում այն ենթադրությունը, թե արհեստական բանականությունը շուտով կփոխարինի բժիշկներին: Արհեստական բանականության ճանաչողական խանգարումները կարող են խաթարել հիվանդների վստահությունը և սահմանափակել բժշկության մեջ դրա օգտագործումը»,- գրում են հետազոտողները։




























