Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը 2011 թ. դեկտեմբերի 20-ին մերժել է Երեւանի «Գարեգին Նժդեհ հրապարակ» կայարանի մուտքի մոտ ոստիկանի արձակած կրակոցից սպանված Արման Ենգիբարյանի հարազատների ներկայացուցիչ, փաստաբան Էդմոն Մարուքյանի կողմից Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացված որոշման դեմ ներկայացված բողոքը:
Դատական նիստը նախագահում էր դատավոր Հ. Տեր-Ադամյանը, նիստին մասնակցում էր ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Վ. Մուրադյանը եւ բողոքաբեր Սերգեյ Ենգիբարյանն ու բողոքաբերների ներկայացուցիչ, փաստաբան Է. Մարուքյանը: Դատաքննության ընթացքում դատախազը հայտնել է, որ ավազակային հարձակումների հետ կապված քրեական գործը, որը քննվում էր Ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում, դատախազի կողմից հաստատվել է եւ կարճվել: Այս որոշումը բողոքաբերների փաստաբանը եւ Արման Ենգիբարյանի հարազատները չեն ստացել: Դատական նիստի ընթացում փաստաբան Է. Մարուքյանը պնդել է, որ քննությունը արդյունավետ չի ընթացել եւ կրկին խախտվում է հարազատների իրավունքները: Փաստաբանը պատրաստվում է այդ որոշումը նույնպես վիճարկել դատարանում:
Հիշեցնենք, որ երկու քրեական գործ է միաժամանակ ընթացել, առաջինը սպանության գործն էր, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է, իսկ երկրորդը՝ ոստիկանության վարույթում գտնվող ավազակային հարձակումներ կատարելու գործն է: Փաստաբան Է. Մարուքյանը նշում է, որ երկու դեպքում էլ իրենք չեն կարողացել մասնակից դառնալ քննությունների ընթացքին, եւ նույնիսկ որոշումները չեն տրամադրվել: Սա եւս մեկ անգամ փաստում է այն հանգամանքը, որ խախտվում է զոհի հարազատների իրավունքները: Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Բեկթաշյանը մերժել է հունիսի 15-ին Երեւանի մետրոյի «Գարեգին Նժդեհ հրապարակ» կայարանի մուտքի մոտ ոստիկանի արձակած կրակոցից սպանված Արման Ենգիբարյանի հարազատների ներկայացուցիչ, փաստաբան Էդմոն Մարուքյանի բողոքն` ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության, որը մերժել էր քրեական գործի հարուցումը:




























