Եվրամիությունը կարող է խաղալ եւ խաղալու է լուրջ դեր ղարաբաղյան հակամարտության լուծման գործում: Այդ մասին նոյեմբերի 15-ին հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակներում:
«ԵՍ դեռ ոչինչ չեմ կարող ասել հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հիմնականում, որովհետեւ Եվրամիությունը չի մտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմի մեջ: Այդուհանդերձ, Եվրամիությունը կարող է խաղալ եւ խաղալու է լուրջ դեր ղարաբաղյան հակամարտության լուծման գործում: Մենք լուրջ փորձ ունենք այդ ոլորտում: Կոնֆլիկտային իրավիճակների մեր փորձը կարող է օգտակար լինել եւ ղարաբաղյան հակամարտության համար»,- հայտարարել է Սեմնեբին:
Անդրադառնալով բուն բանակցային գործընթացին, ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, թե վերջին տարում ակտիվություն է նկատվում: Նա հիշեցրել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների, նաեւ երկու երկրների արտգործնախարարների հաճախակի կատարվող հանդիպումները: «Հակամարտության լուծման գործում դա դրական երեւույթ է»,- հավելել է Սեմնեբին՝ հույս հատնելով, որ «գործընթացը կշարունակվի»:
Միեւնույն ժամանակ նա նշել է, թե չի կարող մեկնաբանել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ նոյեմբերին կայանալիք հանդիպումը:




























