Հայաստան ներկրվող առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքների գների աճը, այդ թվում՝ շաքարավազի եւ կարագի, պայմանավորված է միջազգային շուկայում այդ ապրանքների գների աճով, նաեւ դոլարի արժեւորմամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, «Սալեքս գրուպ»-ի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը:
Միեւնույն ժամանակ նա անկեղծորեն զարմացել է NEWS.am-ի թղթակցի դիտարկումից, թե խանութներում թանկացել են ոչ միայն շաքարավազը, այլեւ կարագն ու հիմնականում «Սալեքս գրուպ»-ի ներմուծած այլ ապրանքները: «Ի՞նչ է, կարագը թանկացե՞լ է: Ճիշտն ասած, ես տեղյակ չեմ, հանրապետությունում չէի: Բայց եթե թանկացել է, ուրեմն դա պայմանավորված է վերը նշված գործոններով»,- հայտարարեց Ալեքսանյանը՝ հավասստիացնելով, որ եթե դոլարի կուրսը կրկին իջնի, իսկ միջազգային շուկայում գներն իջնեն, «Սալեքս գրուպ»-ի ներմուծած ապրանքները հայկական խանութներում կվաճառվեն նախկին գներով:
Ալեքսանյանը նաեւ վրդովվեց, որ լրագրողները մշտապես նկատում են միայն «Սալեքս գրուպ»-ի ներմուծած ապրանքների թանկացումը: «Մյուս ընկերություններն առանց այդ էլ վաճառում են իրենց ապրանքներն ավելի թանկ գներով, քան „Սալեքս գրուպը“: Անգամ գնաճից հետո մեր ապրանքներն ավելի էժան են, քան մյուս ընկերությունների ներմուծածները: Ի՞նչ է, մենք իրավունք չունե՞նք մի քիչ բարձրացնել գները, ինչո՞ւ մյուսների մասին չեն խոսում»,- բորբոքվեց պատգամավորը: Նա նաեւ հայտարարեց, թե ընդհանրապես տեղյակ չէ մանրածախ գներից անգամ City սուպերմարկետների ցանցում, քանի որ դա պատկանում է ոչ թե իրեն, այլ իր կնոջը: «Ես ընդհանրապես ոչինչ չունեմ, բացի պատգամավորի մանդատից»,- հավաստիացրեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է «Տամիֆլյու» դեղամիջոցին, որն այլ ընկերությունների կողքին ներմուծվում է նաեւ Ալեքսանյանին պատկանող «Նատալի-ֆարմ»-ի կողմից, պարզվեց, որ պատգամավորն առհասարակ առաջին անգամ է լսում այդ դեղամիջոցի մասին, եւ անկեղծորեն զարմացավ, թե ինչու է դա հետաքրքրում լրագրողներին:
«Թեեւ „Նատալի-ֆարմ“-ն ինձ հետ ընդհանուր ոչինչ չունի, ես տնօրենից կփորձեմ ճշտել ձեզ հուզող հարցերը»,- բարեհամբույր ասաց Ալեքսանյանը՝ փորձելով ճշտել, թե «Տ» տառով այդ դեղը որքանով է պետք NEWS.am-ի թղթակցին: Պատգամավորի հարցմանն ի պատասխան «Նատալի-ֆարմ»-ի տնրինությունը հաղորդեց, թե իրենց պահուստներում բավարար քանակությամբ այդ դեղամիջոցից կա, եւ եւս 2000 միավոր դեղամիջոց ընկերությունը պատրաստվում է ներմուծել հանրապետություն: Կիսվելով գործակալության թղթակցի հետ այդ տեղեկությամբ, Ալեքսանյանը համենայն դեպս չկարողացավ պահել իր հետաքրքրասիրությունն ու հարցրեց. «Դա ի՞նչ դեղ է, այդ „Տ“-ն, ինչի՞ց է բուժում»:




























