Երեւանի կենդանաբանական այգին դեկտեմբերի 25-ին, 26-ին եւ 27-ին`ժամը 12-ից 16-ը, բոլորին հրավիրում է մասնակցելու ամանորյա գունեղ միջոցառումների: Թատերական ներկայացումներ, ուրախ խաղեր, մրցույթներ, խալիքների եւ ամանորյա զարդարանքների տոնավաճառ եւ սառցե քանդակների բացօթյա ցուցադրություն:

Երեւանի կենդանաբանական այգուց NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառման բոլոր օրերին այցելուները հնարավորություն կունենան անձամբ հետեւել, թե ինչպես են պատրաստվում սառցե քանդակները, զրուցել քանդակագործների հետ:

Երեւանի կենդանաբանական այգու Ձմեռ պապն այս տարի փոքրիկներին կդիմավորի քաղաքում իր նմանը չունեցող տոնածառի մոտ: Պլաստիկ շշերից պատրաստված ձեռակերտ ծառը շուրջ 5 մ բարձրություն կունենա: Այլընտրանքային ծառի պատրաստման համար 1 եւ 1.5 լիտրանոց ավելի քան 2500 շիշ է օգտագործվել:

Տոնական օրերին մինչեւ 16 տարեկանների համար այգու մուտքն ազատ է: