«Ի տարբերություն Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության՝ ՀԱԿ-ը կուսակցություն չէ եւ հատուկ գաղափարախոսություն չունի»,- նոյեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը՝ խոսելով իրենց եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ ժամանակ առ ժամանակ ի հայտ եկող անհամաձայնությունների մասին։

Նշելով, որ Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը 123-ամյա պատմություն եւ հստակ գաղափարախոսություն ունեցող ուժ է, նա նկատեց, որ իրենք պարտավոր չեն եւ չեն պատրաստվում 18 կուսակցություններից բաղկացած ՀԱԿ-ի կազմում փոխել իրենց դիրքորոշումները։

Անդրադառնալով ընդդիմության պահվածքին՝ Վ. Շիրխանյանը համոզմունք հայտնեց, որ այն ընդունակ չէ լուրջ գործողությունների, այդ թվում՝ իշխանության հրաժարականը պահանջելուն եւ արտահերթ ընտրություններ նշանակելուն։ «Ընդդիմությունն այսօր անընդունակ է որեւէ բան փոխել։ Թեպետ դա փորձեց անել ՀՅԴ-ն, սակայն ակնհայտ է, որ Դաշնակցությունն ընդդիմություն չէ, եւ ժողովուրդն էլ նրա հետեւից չգնաց, ինչպես կարող էր գնալ ՀԱԿ-ի հետեւից»:

Հարցին, թե ինչ կերպ կմեկնաբանի Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, Շիրխանյանը նշեց. «Ինձ համար անսպասելի ոչինչ չկար, այդ թվում հայ-թուրքական հարբերությունների կարգավորման մասով»: