Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալությունից հետո ամբողջ Թուրքիայում ուսանողական բողոքի ցույցեր են ընթանում, հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը։
Ստամբուլի տարբեր համալսարաններում ամբողջ օրվա ընթացքում բողոքի ցույցեր անցկացնող ուսանողները շարժվել են դեպի Սարաչանի հուշահամալիր, որտեղ երեկոյան մեծ բազմություն էր հավաքվել։
Անկարայում ուսանողները մասնակցել են նաև Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի (METU) ցույցերին։
Մամուլի հաղորդագրության մեջ ուսանողներն հայտարարել են, որ Իմամօղլուի դեմ գործողություններն անօրինական են։
Գալաթասարայի համալսարանի և Միմար Սինանի գեղարվեստի համալսարանի ուսանողները նույնպես լքել են իրենց համալսարանները և հանդիպել Ստամբուլի Բեշիքթաշի հրապարակում։
Ցույցերի ժամանակ նկատվել են նաև Բոսֆորի համալսարանի ուսանողներին պատկանող պաստառներ։
Երբ ուսանողները որոշել են երթով շարժվել դեպի Թաքսիմ հրապարակ, ոստիկանները բարիկադներ են տեղադրել և ուսանողներին թույլ չեն տվել անցնել։
Երթով դեպի Թաքսիմ հրապարակ շարժվել ցանկացող ուսանողների և ոստիկանների միջև բախումներ են եղել։
Իզմիրում երիտասարդները դագաղ են տարել՝ «Արդարությունը մեռած է» մակագրությամբ։
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ ի պաշտպանություն Էքրեմ Իմամօղլուի հանրահավաքներ է անցկացնելու 14 քաղաքներում և 21 նահանգներում։
Հանրահավաքները կսկսվեն մարտի 21-ին՝ 20:30-ին։
Հայտարարության մեջ նշվում են այն հիմնական ՝ Ադանա, Անկարա, Անթալիա, Այդըն, Բալիկեշիր, Բուրսա, Դենիզլի, Էսքիշեհիր, Ստամբուլ, Իզմիր, Մանիսան, Մերսին, Մուղլա և Թեքիրդաղ քաղաքները և Ադիյաման, Աֆիոնկարահիսար, Ամասիա, Արդահան, Արդվին, Բարթին, Բիլեցիք, Բոլու, Բուրդուր, Չանաքքալե, Էդիրնե, Գիրեսուն, Կաստամոնու, Կիրիկկալե, Կիրշեհիր, Քիլիս, Քութահյա, Սինոպ, Ուսակ, Յալովա և Զոնգուլդակ նահանգները, որտեղ անցկացվելու են բողոքի ցույցերը։
Չորեքշաբթի օրը Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ձերբակալել է քաղաքի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կոռուպցիայի և կաշառակերության գործով։ Ինքը՝ քաղաքական գործիչը, հայտարարել է, որ իշխանությունների ճնշման տակ «մտադիր չէ զիջելու»։ Ստամբուլի մի շարք կենտրոնական փողոցներում, ներառյալ՝ ոստիկանության գլխավոր վարչության դիմաց, ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, խափանումներ են եղել սոցիալական ցանցերում։ Այս ֆոնին դոլարի փոխարժեքը թուրքական լիրայի նկատմամբ աճել է ավելի քան 10 տոկոսով՝ առաջին անգամ բարձրանալով 41 լիրայից։ Ստամբուլի BIST 100 ֆոնդային բորսայի հիմնական ինդեքսը Իմամօղլուի կալանավորման մասին լուրերի ֆոնին բացման ժամանակ նվազել է 6,87%-ով ։
Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչն ավելի վաղ կոչ էր արել Իմամօղլուի ձերբակալությունից հետո փողոցային բողոքի ցույցեր չանցկացնել։ Նրա խոսքով՝ գործընթացը ոչ մի կերպ կապված չէ ներկայիս նախագահ Թայիփ Էրդողանի հետ։





























