Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել սպանության փորձ, որի արդյունքում 3 հոգի գտնվում են հիվանդանոցում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Արթուր Արիստակեսյանից:

Ըստ այդմ, ժամը 18:30-ի սահմաններում, Աշտարակի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժին, որ  մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Գագիկ, Հրանտ եւ Լիդա Շաբոյանները: Վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել Աշտարակ քաղաքի Լինչի-22 տան մոտից: Երբ Գագիկ Շաբոյանը ցանկացել է մտնել տուն, այդ պահին հետեւից նրա վրա է հարձակվել  ինչ-որ անձ եւ հարվածներ հասցրել նրան: Երբ նրան օգնության են հասել հարազատները, այդ ժամանակ կրակոցներ են արձակվել նրանց ուղղությամբ, որի հետեւանքով 2 հոգի ստացել են հրազենային վնասվածքներ:

Արթուր Արիստակեսյանը տեղեկացրեց նաեւ, որ Շաբոյանների ընտանիքը զբաղվում է  ոսկու առեւտրով:

Սպանության փորձ կատարող անձը դեպքի վայրից դիմել է փախուստի: Ներկա  պահին որոնողական եւ հետախուզական աշխատանքներ են տարվում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 34-104 հոդվածի 2-րդ մասի 1 կետի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 

Ի դեպ, նաեւ տեղեկացրեց, որ տուժողների վիճակը ներկա պահին կայուն է: