Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի նախագծման եւ շինարարական աշխատանքներով դեռեւս խորհրդային տարիներին զբաղվող «Տրանսնախագիծ»-ում կատարյալ անտեղյակության վիճակ է տիրում։ Փաստն ակնհայտ դարձավ, երբ NEWS.am-ի թղթակիցը, փորձելով տեղեկություններ ստանալ մետրոպոլիտենի Աջափնյակ տանող գծի եւ կայարանի անավարտ շինարարության եւ նախագծման փուլում գտնվող մյուս կայարանների մասին, «զրուցեց» կազմակերպության ղեկավար Էդուարդ Մարտիրոսյանի հետ։
«Պատվեր չունեմ, ոնց աշխատեմ»,- ասաց նա եւ ակնարկեց, որ չի կարող պատասխանել ոչ մի հարցի, քանի որ ինքը ոչինչից տեղյակ չէ. «Ես մետրոյի մասնագետ չեմ, չեմ կարող ոչինչ ասել։ Մենք համապատասխան մասնագետներ համարյա չունենք, միայն մի մասնագետ ունեինք, այն էլ՝ հիվանդության պատճառով այլեւս չի աշխատում մեզ մոտ եւ անկարող է պատասխանել Ձեր հարցերին»,- հայտարարեց նա։ Թղթակցի խնդրանքին՝ տրամադրել նրա կոնտակտները, ընկերության նախագահը բացասական պատասխան տվեց։
Հիշեցնենք, որ օրեր առաջ NEWS.am-ի թղթակիցը ոլորտի խնդիրների մասին զրուցել էր Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանի հետ, որը նշել էր, որ Աջափնյակի կիսակառույց թունելի եւ կայարանի շինարարությունն անավարտ է մնացել համապատասխան ֆինանսավորման բացակայության հետեւանքով, եւ այն հնարավոր է շարունակել միայն Համաշխարհային բանկից եւ միջազգային խոշոր այլ կառույցներից ստացվող հատկացումների հաշվին։ Նա նաեւ ընդգծել էր, որ մետրոյի յուրաքանչյուր կայարան կառուցելու համար մոտավոր հաշվարկներով շուրջ 300 մլն դոլար է անհրաժեշտ։


























