Իսրայելի Տնտեսական հարցերի հանձնաժողովը կիրակի օրը վերջնական հավանություն է տվել ևս մեկ միջազգային օդանավակայան կառուցելու ծրագրին  երկրի հարավում՝ Գազայի սահմանի մոտ, որտեղ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հարձակում էր իրականացրել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, հայտնում է Reuters-ը։

Համաձայն օրինագծի, որը սպասում է խորհրդարանի հաստատմանը, օդանավակայանը կառուցվելու է Նևաթիմ քաղաքում՝ Գազայի սահմանից մոտ 65 կիլոմետր հեռավորության վրա, և Նեգև անապատում գտնվող ռազմական ավիաբազայի կողքին, որտեղ տեղակայված են F-35 կործանիչները:

Խորհրդարան ներկայացված օրինագծի համաձայն, Թել Ավիվից մոտ 132 կիլոմետր հեռավորության վրա գտնվող նոր օդանավակայանի կառուցման համար կպահանջվի յոթ տարի, նախատեսվում է, որ այն կսպասարկի տարեկան մինչև 15 միլիոն ուղևորի:

Նախագիծը կոչված է թեթևացնել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի ուղևորահոսքը և ամրապնդել երկրի հարավի տնտեսությունը` ստեղծելով մոտ 50․000 աշխատատեղ, հատկապես մոտակա բեդվինների համայնքում: Իսրայելի ռազմական և անվտանգության պաշտոնյաները դեմ են արտահայտվել նախագծին, քանի որ այն մոտ է ավիաբազային:

Բեն Գուրիոնը Իսրայելի գլխավոր օդային դարպասն է, որը տարեկան սպասարկում է 40 միլիոն ուղևորի: Ըստ հանձնաժողովի ներկայացրած տվյալների, մինչև 2050 թվականը օդանավակայանը կսպասարկի 80 միլիոն ուղևորի․ այս ցուցանիշը մոտենում է իր սահմանագծին: 2019-ին Իսրայելը բացեց Ռամոն օդանավակայանը Կարմիր ծովի Էյլաթ առողջարանային քաղաքի մոտ՝ Իսրայելի ծայր հարավում՝ Հորդանանի և Եգիպտոսի հետ սահմանին:

Գազայի հատվածում պատերազմից առաջ մի շարք արտասահմանյան ավիափոխադրողներ, ինչպիսին է Ryanair-ը, թռիչքներ էին իրականացնում Եվրոպայից դեպի Ռամոն:

Ներկայումս օդանավակայանն օգտագործվում է հիմնականում ներքին թռիչքների համար։ Միջազգային փոխադրողներից շատերը դադարեցրել էին չվերթները դեպի Իսրայել Գազայի պատերազմի պատճառով, սակայն շատերն այժմ վերսկսել են թռիչքները: