Թռչունները հաճախ նույնացվում են թռիչքի հետ, թեև ոչ բոլորն են ընդունակ թռչելու: Մոտ 60 թռչնատեսակ, կամ Երկրագնդի վրա ապրող բոլոր թռչունների տեսակների 1%-ից պակասը, ներառյալ՝ պինգվինները, ջայլամները և կիվիները (Apteryx) չի կարողանում թռչել: Այս թռչուններն առաջացել են թռչող նախնիներից, բայց կորցրել են թռչելու ունակությունը՝ փոխարենը հարմարվելով ցամաքային կամ ջրային կյանքին: Բայց ի՞նչը ստիպեց նրանց հրաժարվել թռչելուց։ Ինչո՞ւ բոլոր թռչունները չեն կարողանում թռչել: Դրա մասին գրում է Live Science հանդեսը։

Թռչելու ունակությունը շատ օգտակար է, երբ խոսքը վերաբերում է գիշատիչներից փախչելուն կամ սննդի և ավելի լավ կենսապայմանների որոնման համար երկար տարածություններ ճանապարհորդելուն: Սակայն թռչունները թռչելիս ավելի շատ էներգիա են ծախսում. օրական մոտ 75%-ով ավելի շատ էներգիա, քան նույն չափի կաթնասունները:

Ըստ ԱՄՆ Օհայո նահանգի Քենյոն քոլեջի գիտաշխատող Նատալի Ռայթի՝ եթե թռչունները չեն կարողանում թռչել, նրանք կարող են ավելի լավ գոյատևել, եթե իրենց էներգիան այլ տեղ են ուղղում, հայտնում է Фокус-ը։ Ռայթը և նրա գործընկերները պարզել են, որ կղզիներում ապրող թռչունները, որտեղ գիշատիչները քիչ են կամ բացակայում են, և սննդի և տարածքի համար մրցակցություն չկա, ավելի հակված են զարգանալու այնպես, որ հրաժարվեն թռչելուց:

Երբ թռչուններն անցան ցամաքային ապրելակերպի, դա նրանց օրգանիզմում հանգեցրել է ֆիզիկական փոփոխությունների: Էվոլյուցիոն ժամանակի ընթացքում նրանց կրծքավանդակի թռիչքային մկանները փոքրացան: Նրանց կենտրոնական կատարը՝ կրծոսկրը, որին միանում են թռիչքի մկանները, նույնպես փոքրացել է։ Թևերի ոսկորները ավելի կարճ և ավելի նվազ ամուր են դարձել, մինչդեռ թռչունների ոտքերը դարձել են ավելի երկար և ամուր՝ որպես հարմարվողականություն ավելի ցամաքային ապրելակերպին, ասում է Ռայթը:

Որոշ թռչուններ փոխանակել են թռչելու ունակությունը լավ լողալու ունակության հետ: Պինգվինները, օրինակ, պահպանել են իրենց թռիչքի մկանները և կրծքոսկրը, բայց դրանք վերափոխել են լողի համար, ասում է Հարավային Աֆրիկայի Քեյփթաունի համալսարանի գիտնական Փիթեր Ռայանը: Այս թռչուններն օգտագործում են իրենց թևերը ջրի տակ «թռչելու» համար։

Ըստ Ռայանի՝ թռչունները, որոնք երկար ժամանակ չեն թռել, նույնպես կորցնում են թռիչքի համար անհրաժեշտ երկար ու կոշտ փետուրները։ Որոշ տեսակների, օրինակ՝ կիվիի, մարմնի վրայի փետուրները կորցրել են կեռիկի նման փոքրիկ կառուցվածքները, որոնք սովորաբար աջակցում են աերոդինամիկական: Դա այս թռչուններին ավելի փափկամազ է դարձրել:

Վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ չթռչող թռչունները կորցնում են փետուրների առանձնահատկությունները հակառակ հերթականությամբ, թե ինչպես են դրանք սկզբնապես զարգացել: Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ կմախքի փոփոխությունները տեղի են ունենում փետուրների փոփոխություններից առաջ, քանի որ ոսկորների աճի և աջակցման համար զգալիորեն ավելի շատ էներգիա է պահանջվում, քան փետուրների պահպանման համար:

Չնայած չթռչող թռչուններն այժմ հազվադեպ են, բրածո ապացույցները ցույց են տալիս, որ դրանք շատ ավելի տարածված և բազմազան են եղել մի քանի հազար տարի առաջ, ասում է Մեծ Բրիտանիայից Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնական Թիմ Բլեքբեռնը: Բայց այս թռչունները անհետացան, երբ մարդիկ իրենց բնակավայրեր հասան այլ կենդանիների, օրինակ՝ շների հետ միասին: Դոդոյի նման անհետացած թռչունները ժամանակ չունեին վերստին թռչել սովորելու, և նրանք բոլորն անհետացան:

Ըստ Բլեքբեռնի՝ Երկրի վրա չորս անգամ ավելի շատ չթռչող թռչուններ կլինեին, եթե չլինեին մարդկային գործոնով պայմանավորված անհետացումները: Այս թռչնատեսակներից շատերը բարգավաճում էին գիշատիչներից զերծ կղզիներում, սակայն մարդկանց ժամանումից անմիջապես հետո իսպառ վերացան: