2011թ-ին Հայաստանի արտաքին քաղաքականությունն ավելի ուժեղ դիրքերում էր. Հայաստանի կառավարությունը եւ ԱԳՆ-ն հասել են էական ձեռքբերումների: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 27-ին, հրավիրված մամուլի ասուլիսում նշեց Տարծաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, որպես ձեռքբերում առանձնացնելով 3-ը:
Ըստ նրա, առաջինը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացում Հայաստանի ավելի ուժեղ դիրքն էր, հատկապես ան առումով, որ ԱՄՆ-ը, Եվրամիությունը եւ Ռուսաստանը պաշտպանում են Հայաստանի դիրքորոշումը եւ բոլոր ճնշումները մնում են Թուրքիայի, եւ ոչ Հայաստանի վրա:
Հայաստանի արտաքին քաղաքականության դիրքերի ամրապնդման երկրորդ ոլորտն, ըստ Կիրակոսյանի, Լեռնային Ղարաբաղի խնդիրն է: «Այստեղ Հայաստանի դիրքերի ուժեղացումն, ի հեճուկս Ադրբեջանի, լավ երեւաց Կազանում: Ադրբեջանի դիվանագիտությունը մաքսիմալիստական է` պահանջելով ամեն ինչ, կամ` ոչինչ: Իսկ Հայաստանն ավելի անկեղծ ու ճկուն է»,-ասաց նա:
Հայաստանի արտաքին քաղաքականության ամրապնդման երրորդ ոլորտը կապված է Եվրամիության հետ: «Վերջին տարիների ընթացքում Հայաստանը ավելի շատ գործ է արել ԵՄ-ին ինտեգրման առումով, քան վերջին տասնամյակի ընթացքում»,-ասաց փորձագետը:
Ինչ վերաբերում է 2012 թվականին Հայաստանի համար կարեւոր մարտահրավերներին, Կիրակոսյանը դրանցից առանձնացրեց Թուրքիայի կողմից հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացին վերադառնալու հավանականությունը: Ըստ նրա, այդ դեպքում հարցը հայ-թուրքական արձանագրություններին չի վերաբերի, քանի որ դրանք որպես այդպիսին մահացել են, այլ` սահմանափակ գործընթացի:
«Երկրորդ մարտահրավերը պայմանավորված է Ռուսաստանի քաղաքականությամբ եւ Պուտինի վերադարձով: Մեդվեդեւը Մինսկի խմբում կողմերի ձեռք սեղմելու քաղաքականություն էր իրականացնում, իսկ Պուտինն ավելի շատ ճնշում գործադրելու քաղաքականություն է վարում»,-ընդգծեց նա:




























