Հայաստանի Ճանապարհային ոստիկանությունում դեկտեմբերի 27-ին կայացել է Երեւանի փողոցների երթեւեկության նկատմամբ տեսավերահսկողության համակարգի շնորհանդեսը: Համակարգը գործողության մեջ է դրվելու 2012-ի հունվարի 15-ից, խախտումները գրանցվելու են այդ օրվանից սկսած, տուգանքները եւս:

Առաջին փուլում տեղադրվելու են 15 արագաչափ տեսախցիկ, 2-ը` Իսակովի պողոտայում, 2-ը` Արշակունյաց պողոտայում, 2-ը` Միասնիկյան պողոտայում, 1-ը` Հրազդան մարզադաշտից Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհի վրա, 2-ը` Բագրատունյաց պողոտայում, 1-ը` Սարալանջ փողոցում, 1-ը` Թբիլիսյան խճուղում, 1-ը` Սեւան տանող ճանապարհի վրա: Բացի այդ, մայրաքաղաքային 10 պողոտաների վրա տեղադրվել են 40 տեսախցիկ` վերահսկողության համար` Կոմիտաս-Բագրատաշեն, Արշակունյաց-Նժդեհ, Բաղրամյան-Պռոշյան, Արշակունյաց-Լուսավորիչ, Մաշտոց-Ամիրյան, Մաշտոց-Թումանյան, Բաղրամյան-Մոսկովյան, Խանջյան-Տիգրան Մեծ, Խանջյան-Սայաթ Նովա, Աբովյան-Կորյուն:

Վիդեովերահսկողության համակարգի ներդրումը տեղի է ունենում Հայաստանի Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխման ծրագրի շրջանակներում: Հայտամրցույթի արդյունքներով, ոստիկանությունը 25 տարի ժամկետով պայմանագիր է կնքել Security Dreams ընկերության հետ: 6 տարվա ընթացքում նախատեսվում է ընդարձակել վիդեովերահսկողության համակարգը պողոտաների վրա: 2011-2017 թվականներին նախատեսվում է 9.849.562 եվրոյի չափով ներդրումներ: