ԱՄՆ-ի նոր մաքսային քաղաքականությունը թույլ կտա Թուրքիային տիրանալ միջազգային մատակարարման շղթաների զգալի մասին։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս կարծիքն է հայտնել Անկարայում ֆինանսական հատվածը ներկայացնող աղբյուրը։

«Ներկայումս մենք ԱՄՆ-ի այս նոր առևտրային քաղաքականության դրական հեռանկարներ ենք տեսնում։ Փաստն այն է, որ ամերիկյան վարչակազմի նման միջոցները կազդեն լոգիստիկայի և միջազգային մատակարարման շղթաների վրա։ Դրանց մի զգալի մասը կուղղվի Թուրքիա։ Եվ այստեղ, ըստ էության, մաթեմատիկական պարզ դատողություններ են գործում»,- ասել է ռուսաստանյան լրատվամիջոցի զրուցակիցը։

Նա պարզաբանել է, որ «ԱՄՆ-ի ավելի բարձր մաքսատուրքերի ենթարկված երկրները հակված են առևտուր իրականացնել այն երկրների միջոցով, որոնց արտահանման վրա նվազագույնը 10 տոկոս սակագին է դրված, ինչպիսին Թուրքիան է, և որոնց հետ նրանք  ազատ առևտրի մասին համաձայնագրեր ունեն»:

Մեկնաբանելով այն փաստը, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի «սակագնային ցուցակում» չկա, աղբյուրը հիշեցրել է, որ «դա զարմանալի չէ, քանի որ, ընդհանուր առմամբ, ներկայումս առևտուր չկա Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև, Իսկ ԱՄՆ-ի հետ բիզնես վարել կարողացող ռուսաստանյան ընկերությունները  պատժամիջոցների ցանկում են»:

Ավելի վաղ Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը CNN Turk-ին տված հարցազրույցում ասել էր, որ համեմատաբար ցածր բազային մաքսատուրքը՝ 10 տոկոս, որը ԱՄՆ-ն սահմանել է Թուրքիայի նկատմամբ, կարող է օգուտ բերել թուրք արտահանողներին։

Թրամփի հայտարարությունից հետո Թուրքիան, որպես ներկրող երկիր, կշահի նաև հումքի, այդ թվում՝ նավթի, համաշխարհային գների անկումից,- ասել է Յըլմազը։